Իրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր Ավետիսյան
Ես նշում էի, որ Թրամփին իշխանության են բերել, որպեսզի կանխի քանդվող Ամերիկայի հեգեմոնիան և թույլ չտա, որ բազմաբևեռ աշխարհ ձևավորվի, և այդ ճանապարհին Թրամփը և՛ նախագահներ է գողանալու, և՛ նախագահներ է սպանելու, և՛ պետություններ է կործանելու, և՛ ազգեր է ոչնչացնելու. նա որևէ բանի առջև կանգ չի առնելու, որպեսզի թույլ չտա քանդվի ԱՄՆ-ի հեգեմոնիան։ Իսկ ԱՄՆ-ի հեգեմոնիան քանդում է Ռուսաստանը, և արդեն իսկ այդ հեգեմոնիան քանդված է. հիմա Թրամփը փորձում է վերականգնել այդ հեգեմոնիան, որը չի ստացվելու Միացյալ Նահանգների մոտ, քանզի Ռուսաստանը չի գնալու զիջումների և մինչև վերջ պայքարելու է ԱՄՆ-ի հեգեմոնիան վերջնականապես քանդելու և բազմաբևեռ աշխարհ ձևավորելու համար։ Բայց սա նաև նշանակում է, որ բոլոր պետությունները պետք է կարողանան իրենց ճիշտ տեղն ու դերը հասկանան, և նրանք, ովքեր ճիշտ չկողմնորոշվեն՝ ընկնելու են «ոտքի» տակ և կործանվելու են։ Սա շատ կարևոր աշխարհաքաղաքական իրավիճակ է, երբ յուրաքանչյուր պետություն պետք է կարողանա իր պետական շահերը հաշվել և այդ պետական շահերով առաջնորդվելով դիրքավորվել։
Իրանում տեղի ունեցողը, Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը նորություն չէ, այս տարածաշրջանում պատերազմները եղել են միշտ և ցավոք սրտի լինելու են նաև ապագայում, բայց նորություն է մի բան․ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմները միշտ շարունակվել են նաև դեպի մեր տարածաշրջան՝ դեպի Կովկաս, և հիմա մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում դեռևս այս պահին այդ պատերազմները չեն ներթափանցել, և եթե տարածաշրջանի պետությունները ճիշտ կողմնորոշվեն և սխալներ չանեն՝ հնարավոր է խուսափեն այդ պատերազմից։ Ինչու՞։ Որովհետև 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանը մեր տարածաշրջանում ձևավորել է անվտանգության այնպիսի ճարտարապետություն, որը թույլ չի տալիս Մերձավոր Արևելքի պատերազմները բերել մեր տարածաշրջան։ Այն խաղաղությունը, որը այս պահին կա մեր տարածաշրջանում՝ Կովկասում, դա Ռուսաստանի ստեղծած անվտանգության ճարտարապետության հիման վրա է, և մեր կարևորագույն խնդիրն է թույլ չտալ, որ այդ ճարտարապետությունը քանդվի, բայց մենք, ցավոք սրտի, Միացյալ Նահանգներին թույլ տալով մտնել Կովկաս, փաստացի քանդում ենք այն ճարտարապետությունը, որի վրա այսօր ունենք հարաբերական խաղաղություն։
Եթե մենք ցանկանում ենք ունենալ խաղաղություն և չվտանգել մեր պետականությունը աշխարհաքաղաքական պայքարում, ապա մենք պարտավոր ենք դուրս վռնդել մեր տարածաշրջանից Միացյալ Նահանգներին և Արևմուտքին և թույլ չտալ, որպեսզի նրանք քանդեն մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը և տարածաշրջանի պետություններին դարձնեն գործիք իրենց աշխարհաքաղաքական պայքարում։ Սա մենք պետք է վերջապես հասկանանք, եթե մենք սա չհասկանանք, ժողովուրդ ջան, մենք մեր երկիրը դարձնելու ենք գործիք արևմտյան աշխարհաքաղաքական խաղերի մեջ, որի արդյունքում վտանգելու ենք և՛ մեր պետականությունը, և՛ մեր ժողովրդի անվտանգությունը։
Իրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար, նրանք Իրանին պատժում են, որպեսզի մյուսները վախենան, նրանք Իրանին պատժում են, որպեսզի ցույց տան աշխարհին, որ իրենք հեգեմոն են և բոլոր հարցերը իրենք են որոշում, և այս գործընթացում իսկապես մեզ պետք է էմոցիաներից դուրս, ուղղակի սառը հաշվարկների վրա կայացնել քաղաքական որոշումներ՝ հանուն մեր պետականության և ժողովրդի։
Ի դեպ, Իրանի համար հաղթանակ կլինի այն, որ կարողանան Իրանի իշխանությունները այնպես անել, որպեսզի Իրանի ժողովուրդը դուրս չգա պետականության դեմ և ներքին ապստամբություն չստեղծվի Իրանի ներսում։ Սա կլինի ամենամեծ հաղթանակը, քանզի Իրանը ծանր զրկանքների, ծանր ողբերգությունների և զոհողությունների գնով, այնուամենայնիվ, կկարողանա պահպանել իր պետականությունը։