Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան
Լեռնային Ղարաբաղի տարածքը Ադրբեջանին տրվեց մի մարդու կողմից, որի անունը Իոսիֆ Ստալին էր՝ գեղեցիկ բեղերով, բայց, ինչպես գիտեք, ոչ այնքան գեղեցիկ գործարքներով։ Եվ այդ մարդը հայկական բնակչությամբ տարածքը Հայաստանից վերցնելով տվեց Ադրբեջանին։ Այս մասին ամերիկացի հայտնի կրիպտո ձեռնարկատեր, գործարար, բլոգեր, IBC Group-ի հիմնադիր Մարիո Նավալին տված հարցազրույցում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը, Նարեկ Կարապետյանն ասաց. «Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո, երբ բոլոր հայերը լքեցին Լեռնային Ղարաբաղը, և նրանք հիմա բոլորը Հայաստանում են՝ առանց տների․ նրանք չունեն բնակարան, չունեն աշխատանք այստեղ։
Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, նրանք որոշել էին մնալ այնտեղ։ Բայց երկու-երեք տարի անց բոլորը վերադարձան, որովհետև չէին կարող այնտեղ ապրել։ Սա դասական էթնիկ զտում է։ Սա 21-րդ դարում է տեղի ունենում։
Նրանք հիմա այստեղ են՝ շատ կրթված մարդիկ են, կարգապահ են։ Եվ, գիտեք, հանցագործության մակարդակը շատ ցածր է։ Հայաստանը շատ խաղաղ երկիր է։
Նրանց համար շատ դժվար է նոր կյանք սկսել։ Նրանք կորցրել են ամեն ինչ։
Դա աղքատ տարածաշրջան չէր։ Դա բարգավաճ տարածաշրջան էր՝ Հարավային Կովկասի ամենաբարգավաճներից մեկը։ Այս մարդիկ բարձրակիրթ մարդիկ էին, և հիմա այստեղ են՝ սկսելով իրենց կյանքը զրոյից՝ առանց ոչնչի»։
Անդրադառնալով 2015–ի ցեղասպանությանը, Նարեկ Կարապետյանն ասել է. «Ինչպես հաճախ լինում է թուլացող պետությունների դեպքում, այս երկրում նույնպես մութ ուժերը՝ օսմանյան իշխանության ամենահետադիմական, ամենաբացասական պահպանողական հատվածը, սկսեցին ներսում թշնամիներ փնտրել։ Երբ, պատերազմի ընթացքում պարտություններ կրելով, նրանք տեսան, որ սկսում են պարտվել Անտանտին, սկսեցին թշնամի որոնել երկրի ներսում։ Եվ այդ ներքին թշնամիների դերում նշանակեցին քրիստոնյա փոքրամասնություններին։
Նրանք հայտարարեցին, թե հենց քրիստոնյա փոքրամասնություններն են մեղավոր, որ Օսմանյան կայսրությունը պարտվում է մարտերում։
Եվ նրանք սկսեցին քրիստոնյաների հալածանքը ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում, իսկ նրանց մեծ մասը հայ քրիստոնյաներ էին։ Իմ նախնիները, իմ պապերն ու տատերը, և ընդհանրապես Հայաստանում ապրող հայերի մոտավորապես 70 տոկոսը ունի գոնե մեկ պապ կամ տատ, ով ցեղասպանության ժամանակ գտնվել է այն տարածքներում, որոնք այսօր Թուրքիայի տարածքն են, և հետո եկել է այստեղ:
Նրանք եկան այստեղ որպես որբեր։ Սա մի ժողովուրդ է, որտեղ գրեթե յուրաքանչյուր մարդ ունի մի պապ կամ տատ, ով որբացել է ցեղասպանությունից հետո։
Երեխաների հետ էլ՝ կային մարդկանց խմբեր, որոնք զբաղվում էին երեխաների «վաճառքով»․ նրանք հայ երեխաներին վաճառում էին հայ զինվորներին, իսկ հայ զինվորները գնում էին այդ երեխաներին, որպեսզի նրանց բերեն եկեղեցի։ Եվ Էջմիածնում, որը գտնվում է Հայաստանի կենտրոնում, մեր եկեղեցին կազմակերպեց մեծ ճամբար այս որբերի համար, այնտեղ կային հարյուր հազարավոր որբեր։
Գիտեք, այս բոլոր երեխաները, որոնք փրկվեցին այս գործընթացի արդյունքում, այդ ամբողջ սարսափելի իրադարձություններից հետո, դարձան նոր՝ վերածնված ազգի հիմքը։ Մենք սկսեցինք զրոյից։ Այդ պատճառով շատերը նույնիսկ չեն հիշում, թե Օսմանյան կայսրության որ հատվածից են։ Կան պատմություններ, օրինակ՝ որ քույրերից մեկը ապրել է Լոս Անջելեսում, մյուսը՝ Երևանում, և նրանք հանդիպել են 60 տարի անց՝ նույնիսկ չիմանալով, որ նրանցից մեկը ողջ է»,–ասաց նա։