Պայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր Կամենդատյան
ՔաղաքականությունԱզատություն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Երբ մենք կարդում ենք պատմության գրքերը, երբ թերթում ենք հեղափոխական հերոսների ու ազգային նվիրյալների կյանքի էջերը, ակամայից թվում է, թե այդ մարդիկ հեռավոր անցյալում են մնացել։ Թվում է, թե այսօր այլևս չկան նրանք, ովքեր պատրաստ են հանրային շահի, հայրենիքի ու սկզբունքների համար գնալ անձնական զրկանքների։
Բայց դա մոլորություն է։
Իրական հերոսներն ու նվիրյալները երկնքից չեն իջնում, նրանք ապրում են մեր կողքին։ Եվ այսօր էլ կան մարդիկ, ովքեր չեն վաճառում իրենց խիղճը։ Նրանցից մեկը իմ ընկերն է՝ Ավետիք Չալաբյանը ։
Այսօր, երբ ապրում ենք մի ճնշող ու գաղջ իրականության մեջ, երբ ամենուր տիրում է ցիլինդրով գեղջուկի թրքամետ դիկտատուրան և անարդարությունը, Ավոն և մյուս քաղբանտարկյալները վճարում են ամենաթանկ գինը՝ իրենց ազատությունը։ Նրանք վճարում են այդ գինը, որովհետև հրաժարվել են լռել, հրաժարվել են հարմարվել ու ծնկել։
Վստահ եղեք՝ կգա ժամանակը, և պատմությունը ամեն ինչ կդնի իր տեղը։ Հետո Ավետիքի ու նրա նման անբասիր մարդկանց մասին գրքեր են գրելու, նրանց հոդվածներն ու մտքերն են կարդալու և ուսումնասիրելու։ Իսկ այսօրվա անարդարությունը մնալու է որպես մի սև էջ, որը մենք միասին թերթելու ենք։
Պայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում։
Ազատությո՛ւն Ավետիք Չալաբյանին։
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։