Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան
Քաղաքականություն Նոր ձևավորված Խորհրդարանում ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում շեշտադրեց խորհրդարանական քաղաքական մշակույթի վերականգնման անհրաժեշտությունը՝ կոչ անելով պատգամավորներին հաղթահարել այն կարծրատիպը, թե ԱԺ-ն վերածվել է անիմաստ վեճերի, վիրավորանքների և անհարգալից հռետորաբանության հարթակի։ Նրա գնահատմամբ՝ նման մթնոլորտը ձևավորվել է դեռևս 2018 թվականից, սակայն առավել սրվել է 2020 թվականի պատերազմից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվեց ընդունել իշխանությանը տրված ժողովրդի վստահության քվեն։ Այս համատեքստում Ռուբինյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց փոխհարաբերությունները սկսել «զրոյական կետից»՝ առաջնորդվելով մարդկային պարկեշտության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։
Սակայն Ռուբինյանի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է։ Նա փորձում է խորհրդարանական լարվածության արմատները վերագրել բացառապես ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքները չընդունելուն։ Այս թեզը ոչ միայն սուբյեկտիվ է, այլև չի արտացոլում եղած գործընթացների ամբողջական պատկերը։
Խորհրդարանական մշակույթի դեգրադացիան և քաղաքական շփման բարեկրթության սահմանների խախտումը չեն կարող դիտարկվել որպես ընդդիմության կամային որոշման հետևանք։ Դրանք, ըստ էության, ձևավորվել են իշխանության վարած քաղաքականության արդյունքում։ Քաղաքական հակասությունները խորացան ազգային հարցերի շուրջ ծանր հետևանքներ ունեցած իրադարձությունների ֆոնին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, Արցախի ամբողջական հայաթափումից, ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասի օկուպացիայից, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում իշխանության որդեգրած միակողմանի զիջողական քաղաքականությունից, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ նախաձեռնված հակամարտող դիրքավորումից, ինչպես նաև ընդդիմախոսների նկատմամբ իրավական և վարչական ճնշումների հետևողական կիրառման պայմաններում։
Բացի այդ, վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում երեք հիմնական ընդդիմադիր ուժերի նկատմամբ դրսևորված ճնշումները, վարչական և քաղաքական ռեսուրսների անհավասար կիրառումը էականորեն խորացրել են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային անվստահությունը։ Այս իրողությունները չեն կարող անտեսվել, երբ քննարկվում են խորհրդարանական ճգնաժամի պատճառները։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Ռուբինյանի հնչեցրած կոչի և Նիկոլ Փաշինյանի հետընտրական հռետորաբանության միջև առկա ակնհայտ հակասությունը։
Հետընտրական շրջանում Փաշինյանը բազմիցս հանդես է եկել ընդդիմության հասցեին կոշտ հայտարարություններով՝ խոսելով ձերբակալությունների, քրեական պատասխանատվության և ունեզրկման մասին։ Նման քաղաքական միջավայրում դժվար է ակնկալել, որ ընդդիմությունն իշխանության առաջարկած «զրոյական կետը» կընդունի որպես անկեղծ երկխոսության հիմք։
Հետընտրական շրջանում Փաշինյանը բազմիցս հանդես է եկել ընդդիմության հասցեին կոշտ հայտարարություններով՝ խոսելով ձերբակալությունների, քրեական պատասխանատվության և ունեզրկման մասին։ Նման քաղաքական միջավայրում դժվար է ակնկալել, որ ընդդիմությունն իշխանության առաջարկած «զրոյական կետը» կընդունի որպես անկեղծ երկխոսության հիմք։
Հետևաբար, Ռուբինյանի կողմից խորհրդարանական քաղաքակրթության վերականգնման մասին հնչեցված կոչը, ավելի շատ հանրային ընկալումների վրա ազդելու փորձ է, քան ճգնաժամի իրական պատճառների ընդունում։ Ազգային անվտանգության, պետականության, տարածքային կորուստների, քաղաքական վստահության և իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների շուրջ ձևավորված ճգնաժամերը հնարավոր չէ հաղթահարել հռետորական կոչերով, քանի դեռ բացակայում է դրանց պատճառների քաղաքական և ինստիտուցիոնալ գնահատականը։ Եվ բոլորովին էական չէ, թե իշխանությունը քանիերորդ անգամ է վերարտադրվել կամ ընդդիմությունը քանի տոկոս ձայն է ստացել․․․