Սամվել Կարապետյանի տեսլականը համոզեց ինձ վերադառնալ քաղաքականություն․ Արամ Վարդևանյան
ՔաղաքականությունԵս մանդատից հրաժարվել եմ 2022 թվականին՝ Արցախի շուրջ ստեղծված ծայրահեղ մարտահրավերների պայմաններում մեկնարկած Դիմադրության շարժման չհաջողելուց հետո։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը։
Նա նշել է, որ դրանից հետո դուրս է եկել քաղաքականությունից և չէր պատկերացնում, որ երբևէ նորից կվերադառնա քաղաքական դաշտ։ «Երբ ստացա «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանից՝ իրենց միանալու առաջարկը, անկեղծ եմ ասում, գիտակցեցի, որ նա Հայաստանի ապագայի վերաբերյալ բացառիկ տեսլական ունի։ Այդ առաջարկը պատվով եմ ընդունել»,- ասել է Վարդևանյանը։
Ընդդիմադիր պատգամավորի ելույթի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հիշեցրել է Վարդևանյանի՝ 2022 թվականին պատգամավորական մանդատը վայր դնելու հայտարարությունը, որտեղ նա նշել էր փաստաբանական գործունեությանը վերադառնալու անհրաժեշտության մասին։ Ստեփանյանը հետաքրքրվել է, թե արդյոք փաստաբանական համայնքի կարիքի դեպքում նա կրկին կվերադառնա այդ ոլորտ։
Ի պատասխան՝ Արամ Վարդևանյանն ընդգծել է․ «Ես ինքս ինձ համար որոշել եմ, որ իմ կողմից վերադարձ փաստաբանական գործունեությանը չի լինելու։ Սա ճանապարհ է, որը պետք է անցնել»։