Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր Ավետիսյան
Քաղաքականություն«Մեզ համար Եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր»․ օրերս նման շատ վտանգավոր և քաղաքականապես անգրագետ հայտարարությամբ է հանդես եկել նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը։
Սա իրականում շատ վտանգավոր հայտարարություն է, քանզի հենց այս մտածողությունն է մեզանում ձևավորել այն տեսակետը և ժողովրդի մի մեծ մասին համոզել, որ հնարավոր է Արևմուտք գնալով լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը, մինչդեռ ցանկացած քիչ թե շատ քաղաքականությունից հասկացող և անալիտիկ ուղեղ ունեցող մարդ պետք է հասկանա, և շատերը նաև հասկանում են, որ Արևմուտք գնալով Հայաստանը դառնալու է հերթական գեոպոլիտիկ գործիքը Ռուսաստանի դեմ, ինչը եղավ Վրաստանի պարագայում, ինչը այսօր մենք տեսնում ենք Ուկրաինայում, բայց այն մարդիկ, ովքեր իրենց իշխանության ժամանակ Հայաստանը իրականում տարել են դեպի Արևմուտք՝ ստորագրելով եվրոասոցացում, թույլ տալով, որ Հայաստանում աշխատեն տարրատեսակ գրանտակերներ, արևմտյան լրատվական կառույցներ, որոնք օր ու գիշեր Հայաստանում հակառուսական քարոզ իրականացնելով՝ հայ ժողովրդին տրամադրել են Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ, պղծելով Հայոց պատմությունը և հայոց քաղաքական միտքը, այսօր փաստացի դարձյալ շարունակում են պնդել, որ հնարավոր է Արևմուտք գնալով լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը։
Սա մեր ժողովրդի համար կատաստրոֆիկ ցավ է, որ իրեն կառավարել և կառավրում են մարդիկ, ովքեր կամ քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում, կամ ուղղակի կուրորեն սիրահարված լինելով Արևմուտքին՝ հանուն Արևմուտքի կործանում են սեփական երկիրն ու ժողովրդին։
Եթե Հայաստանում լիներ առողջ, բարձր բանականությամբ քաղաքական էլիտա, 2007 թվականին Մյունխենյան Պուտինի ելույթից հետո արդեն իսկ կհասկանար, որ Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալ և պետք է կամաց-կամաց հեռանա Արևմուտք ինտեգրվելու գաղափարից։
Լավ, այդ մակարդակի էլիտարներ չենք ունեցել, բայց արդեն 2014 թվականից հետո, երբ Ղրիմը վերադարձավ Ռուսաստան, այդ ժամանակ գոնե մեր էլիտաները պետք է հասկանային, որ վերջ, այլևս երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ, բայց, իհարկե, դա ևս տեղի չունեցավ, որովհետև մեր «բարձր ինտելեկտուալ կարողություններով օժտված» էլիտաները նույնիսկ 2014 թվականից հետո Հայաստանը տարան դեպի Եվրոինտեգրացիա, դեպի Եվրոասոցացում։
Փաստացի այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, սրա հիմքերը դրվեց նախկին իշխանությունների ժամանակ, ովքեր հիմա շարունակում են փաստացի պնդել, որ իրենք այդ ամենը արել են, որպեսզի լուծեն Հայաստանի անվտանգության խնդիրը։ Աստված ձեր հետ։
Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ ինքը չի պարտվել Նիկոլ Փաշինյանին, այլ պարտվել է ավելի մեծ ուժերի՝ ի նկատի ունենալով, երևի թե, որ պարտվել է Արևմտյան կենտրոններին, բայց այստեղ շատ կարևոր հարց է առաջանում․ փոքրիկ Հայաստանի ղեկավարը, երբ Արևմտյան գերտերությունների հետ խաղում էր, չէ՞ր մտածում, որ ինքը փոքրիկ երկրի ղեկավար է և չի կարող խաղալ Արևմտյան գերհզոր տերությունների հետ, և եթե խաղում է, անպայման պարտվելու է, ինչ էր մտածում Սերժ Սարգսյանը, որ ինքը կարող է հաղթե՞լ Արևմտյան գերտերություններին, եթե այո, ուրեմն նա մեծամիտ և քաղաքականապես ոչ բանիմաց մարդ է եղել, իսկ եթե մտածել է, որ չի կարող հաղթել, ապա ինչո՞ւ է խաղացել, որ մի հատ էլ պարտվի ու արդյունքում պարտվի ոչ միայն ինքը, այլ մեր ամբողջ երկիրն ու ժողովուրդը, արդյունքում մենք կորցնենք Արցախը։
Հիմա էլ Նիկոլ Փաշինյանին է թվում, որ ինքը կարող է, լինելով փոքրիկ Հայաստանի ղեկավար, խաղալ Արևմտյան գերտերությունների հետ, երևի թե նա էլ է մտածում, որ հաղթելու է։
Ինչպե՞ս կարող է Հայաստանի ղեկավարը մտածել, որ կարող է խաղալ գերտերությունների հետ՝ Արևմուտքի, Ռուսաստանի ու մտքի ծայրով անցկացնել, որ ինքը ունի հնարավորություն այդ գերտերություններին խաբելու, մոլորեցնելու, քցելու, օգտագործելու և արդյունքում հաղթելու։
Այս մեծամիտ մտածողությունն է, որ անընդհատ խնդիրներ է ստեղծում մեր ժողովրդի ու պետության համար, այս մեծամիտ մտածողությունն է, որ անընդհատ մեր ժողովրդին տանում է զրկանքների։
Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին, Հայաստանը պետք է տարածաշրջանի խնդիրները լուծի 3+3 ձևաչափով, այսինքն՝ ռեգիոնից դուրս շպրտի Արևմտյան բոլոր խաղացողներին, այդ թվում և Միացյալ Նահանգներին՝ իր ստախոս և սեփական խոստումները երբեք չպահող Թրամփի գլխավորությամբ, վերադառնա ՀԱՊԿ, քաղաքական պահանջ դնի, որպեսզի Ադրբեջանը ևս դառնա ՀԱՊԿ-ի անդամ և ռեգիոնալ խաղացողներով լուծի իր անվտանգության խնդիրը։
Սա միակ լուծումն է պետականություն ունենալու և մեր ժողովուրդը կամ սա հասկանալու է, կամ, ցավոք սրտի, մենք այս ամենի արդյունքը տեսնելու ենք և զգալու ենք, քանզի Արևմուտքը իր գործողություններով և նաև Հայաստանում Արևմուտքին սիրահարված և Արևմուտքին հավատացող իր գործիչների ձեռամբ ընդամենը մեկ գործողություն է իրականացնում՝ քանդում է տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը, որի հիմնադիրը Ռուսաստանն է, այդ ճարտարապետության քանդման արդյունքում ռեգիոնում տեղի են ունենալու պատերազմներ…