Ռուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան
ՔաղաքականությունՀայաստանի և Ռուսաստանի ղեկավարների վերջին հանդիպումից հետո այլևս, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանը չի կարող շարունակել երկու լարի վրա խաղալ, և Հայաստանը պետք է հասկանա՝ կանգնում է Ռուսաստանի կողքին, թե գնում է Արևմուտք։ Այս ամենը երևացող է, հասկանալի, բայց այս գործընթացում առաջանում է երկու շատ կարևոր հարց, որոնք անտեսվում են մեզանում։
Առաջին՝
Ինչո՞ւ է Ռուսաստանը Հայաստանի առջև փաստացի խիստ պահանջ դնում՝ կողմնորոշվելու, և՝ շատ արագ։
Երկրորդ՝
Ինչո՞ւ է Ռուսաստանը պահանջ դնում կամ կարծիք հայտնում, որ այդ որոշումը ցանկալի է, որպեսզի կայացնի ոչ միայն քաղաքական էլիտան, այլ՝ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի միջոցով։
Սրանք կարևորագույն հարցեր են, որոնք մենք կարծես թե կամ չենք ուզում նկատել, կամ էլ, չգիտես ինչու, չեն առաջանում։
Ինչքան էլ մենք փորձենք ներկայացնել, որ մենք Արևմուտք չենք գնում, երկու լարի վրա ուզում ենք խաղալ, որպեսզի լավ հարաբերություններ պահպանենք Արևմուտքի հետ, որքան էլ մենք փորձենք ներկայացնել, որ հայ-ռուսական հարաբերությունները՝ դրանք տնտեսության, փող աշխատելու, լավ ապրելու մասին են՝ Ռուսաստանի քաղաքական էլիտաները շատ լավ հասկանում են, որ Արևմուտքին պոստսովետական պետություններն ընդամենը պետք են մեկ բանի համար՝ որպեսզի այդ պետություններն ու ժողովուրդներն օգտագործվեն Ռուսաստանի դեմ՝ որպես գործիք։ Իսկ այդ օգտագործման գինը մենք տեսնում ենք Ուկրաինայում՝ զոհեր և պետականության կորուստ։
Նրանք, ովքեր կարծում են, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանին կամ Ուկրաինայի ձեռքերով Արևմուտքը կհաղթի Ռուսաստանին, դրանք քաղաքական տեսանկյունից տգետ կամ ուղղակի Արևմուտքին փողով կամ առանց փող սիրահարված մարդիկ են։
Ռուսաստանն արդեն իսկ հաղթել է, և աշխարհն այլևս միաբևեռ չէ։ Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատերազմի իմաստը Ուկրաինան գրավելը կամ չգրավելը չէ։ Այդ պատերազմի իմաստն այն էր, որ Ռուսաստանը պնդում էր, որ աշխարհը պետք է լինի երկբևեռ։ Իսկ այսօր արդեն ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Չինաստանը և էլի շատ պետություններ պնդում են, որ աշխարհը երկբևեռ է։
Իսկ նրանք, ովքեր վախից ձայն չեն հանում, ինչ-որ պահի հաստատ ձեն են հանելու, որովհետև ոչ միայն նորմալ պետություն և քաղաքական էլիտա չի ցանկանում, որ ամերիկյան հեգեմոնիան շարունակվի, նույնիսկ Միացյալ Նահանգների դաշնակիցների մի մասն այլևս չեն ցանկանում, որպեսզի ամերիկյան հեգեմոնիան շարունակվի։ Ինչո՞ւ։ Որովհետև դա անարդար հեգեմոնիա էր։ Դա մեկ պետության և մեկ քաղաքական էլիտայի շահերին ողջ աշխարհը ծառայեցնելու հեգեմոնիա էր։ Բայց սրա մասին կխոսեմ առաջիկայում ավելի մանրամասն։
Հիմա մենք հասել ենք մի կետի, որ պետք է հստակ որոշում կայացնել՝ գնում ենք հետ՝ Ռուսաստանի կողքին կանգնելու և փրկելու մեր պետականությունն ու ժողովրդին, թե գնում ենք երկու լարի վրա խաղալու անվան տակ դեպի Արևմուտք, որպեսզի դառնանք Ռուսաստանի դեմ հերթական գործիքը՝ իր բոլոր հետևանքներով։
Վլադիմիր Պուտինը պատահական չխոսեց նաև ռազմաբազայի մասին։ Նա փորձեց դրանով մեսիջ ուղարկել, որ որևէ պարագայում Ռուսաստանը չի միջամտի Հայաստանի ներքին գործերին և թույլ է տալու, որպեսզի Հայաստանի քաղաքական էլիտաներն ու հայ ժողովուրդը որոշեն Հայաստանի ճակատագիրը՝ սրանով իսկ նաև մեսիջ տալով, որ իրականում հայ-ռուսական հարաբերությունները՝ դա տնտեսության մասին չէ։
Ձեզ ավելին ասեմ՝ դա նույնիսկ ռազմաբազայի մասին չէ։ Դա Հայաստանի և մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության մասին է։ Այդ ճարտարապետության վրա է կառուցված հայոց պետականությունը։ Եթե այդ ճարտարապետությունը քանդվում է, մեր պետականության հիմքերը խարխլվում են։ Սա է Ռուսաստանը փորձում ամեն գնով հասկացնել մեզ, իսկ մենք, ցավոք սրտի, դեռևս չենք ուզում սա հասկանալ։ Սա չհասկանալ նշանակում է վճարել շատ ծանր և թանկ գին։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
Մհեր Ավետիսյան