Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
ՔաղաքականությունՍիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակը։ Սա տոն է, որը մեզ հիշեցնում է մեր նախնիների դարավոր պայքարը և միաժամանակ մղում է խորհելու անցած 35 տարիների ընթացքում մեր ունեցած հաղթանակների ու ձեռքբերումների, ինչպես նաև՝ ցավոք, թույլ տված լրջագույն սխալների և կրած դառը կորուստների մասին։ Այն նաև հիշեցնում է, թե որքան կարևոր է ունենալ սեփական ազգային պետությունն ու պատասխանատվություն կրել դրա պահպանման ու ամրապնդման համար։
Մեր երկրի ուժը մեր մարդկանց՝ նրանց տաղանդի, աշխատասիրության և ստեղծարար մտքի մեջ է։ Այդ ներուժը լիարժեք գործի դնելով և քրտնաջան աշխատելով՝ պետք է կառուցենք արդար, հավասար հնարավորություններ ապահովող և առաջադեմ պետություն՝ առողջ ու հավասարակշռված քաղաքական համակարգով։ Սակայն այս ամենի մեջ առաջնայինն ու հրատապը Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրն է, որի լուծումը բոլորիցս իմաստնություն և մեր պետական շահի ճիշտ հաշվարկ է պահանջում։ Մենք սխալվելու իրավունք չունենք։ Մեր տարածաշրջանում առկա բազմաթիվ մարտահրավերները մեզնից պահանջում են զգոնություն, պատասխանատվություն և հետևողական աշխատանք։
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի, որի համար իրենց կյանքն են զոհաբերել մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Նրանց հիշատակի հանդեպ մեր հարգանքի ամենաիրական արտահայտությունը մեր պետությունն ամրապնդելն է՝ այն դարձնելով ավելի ուժեղ, արդար և կենսունակ։
Այսօր խորին երախտագիտությամբ հիշում ու փառք ենք տալիս Հայաստանի Անկախության համար զոհված մեր բոլոր հայրենակիցներին և նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելով՝ լիաթոք նշում ենք Անկախության օրը։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։