Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ըստ մեր տեղեկությունների, Հայաստանի հարցերով զբաղվող ամերիկյան շրջանակները վերջին շրջանում առավել մեծ ուշադրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ձերբակալություններին։ Վաշինգտոնում ներքին խողովակներով ստացվող տեղեկությունները՝ ձերբակալությունների անհիմն լինելու և դրանց քաղաքական շարժառիթների մասին, քննարկման առարկա են դարձրել Նիկոլ Փաշինյանին անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը։
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, այդ քննարկումներում հղում-հիշատակություն է արվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանին։ Հնչում են տեսակետներ, որ մինչև 1996 թվականը Տեր-Պետրոսյանը վայելում էր Քլինթոնի վարչակազմի բացառիկ աջակցությունը, սակայն 1996 թվականի վիճահարույց ընտրություններից հետո այդ վստահությունը զգալիորեն խաթարվեց, որովհետև Հայաստանով զբաղվող ամերիկյան շրջանակներին պարզ դարձավ, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների համատեքստում ՏերՊետրոսյանի վարչակազմը ակնհայտ հետընթաց է գրանցել: Նույն գնահատականի համաձայն, արտաքին քաղաքական, մասնավորապես` ամերիկյան աջակցության նվազումն այն որոշիչ գործոններից էր, որոնք հետագայում նպաստեցին նրա դիրքերի թուլացմանը և 1998 թվականի հրաժարականին։
Քննարկումների այսպիսի զուգահեռներում Վաշինգտոնում սկսում են հակվել, որ զանգվածային քաղաքական ձերբակալությունների անցած Նիկոլ Փաշինյանի իշխանությանն ամերիկյան անվերապահ աջակցությունը սկսում է խնդիրներ ստեղծել ԱՄՆ կովկասյան քաղաքականության համար, և հեռու չէ օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային մարտահրավերի վերածվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում