Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին
InternationalԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ինչպես դեռ երեկ էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուց այս պահին հետ պահող հանգամանքներից մեկը Թեհրանի կողմից այդ գործողությանը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի ձևաչափ հաղորդելու վտանգն է։
Այսօր առաջին անգամ նման ուղիղ և աներկբա հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին։
Հանրային իր ելույթում նա, մասնավորապես, նշել է՝ «Ամերիկացիները թող իմանան, որ եթե այս անգամ պատերազմ սանձազերծեն, այդ պատերազմը լինելու է տարածաշրջանային պատերազմ»։
«Տարածաշրջանային պատերազմ» ձևակերպման տակ Իրանում հասկանում են ոչ միայն իրանական արբանյակ ուժերի կողմից Մերձավոր Արևելքում հակաամերիկան և հակաիսրայելական ուղղվածության հարձակումները, այլ նաև ուղիղ իրանական հարվածներ Իսրայելին և ամերիկյան զինուժին ու ենթակառուցվածքներին հատկապես Պարսից ծոցի և հարակից տարածքներում, ինչպես նաև համաշխարհային էներգետիկ անվտանգության համար կարևորագույն նշանակության Հորմուզի նեղուցի արգելափակումը։
Այս ամենին զուգահեռ, սակայն, աշխատում է նաև Իրան-ԱՄՆ ուղիղ և անուղղակի դիվանագիտական շփումների խողովակը, ինչը երեկ հաստատել են թե՛ Իրանի ԱԽ քարտուղարը և թե՛ ԱՄՆ-ի նախագահը»։