Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. Էդմոն Մարուքյան
PoliticsԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Նոր սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է։ Եվ նախատեսվում է այն քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաեւ՝ խմբակցությունում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է, սակայն տեւական ժամանակ է՝ չի մասնակցում նիստերին, հայտարարելով, որ դեմ է Ալիեւի կողմից «տնային աշխատանք» հանձնարարելուն եւ Հայաստանի կողմից այն կատարելուն, ըստ այդմ՝ Հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հանել չի կարելի, երեկ մեզ հետ զրույցում կրկին պնդեց՝ Հռչակագրից հրաժարվելը կնշանակի Հայաստանի անկախությունը վտանգի տակ դնել։ «Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը՝ կնշանակի հանել Հայաստանի ծննդականը, կնշանակի չկա նման պետություն։ Նիկոլ Փաշինյանը գործում է մեր անկախության դեմ»,- ասում է Մարուքյանը։ «Երբ Փաշինյանը հայտարարում է, թե մեր Հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, նա, ըստ էության, ցուցմունք է տալիս մեր պետության դեմ՝ որ իր երկիրն է, որ կոնֆլիկտ է հրահրել։ Այսինքն, Սովետական Միության փլուզումից հետո նա պնդում է, որ կոնֆլիկտ հրահրողը մենք ենք՝ սա ադրբեջանական թեզ է»։ Որպեսզի մեր անկախությունը չվտանգենք, Մարուքյանի առաջարկած լուծումն այն է, որ Փաշինյանը չպետք է ընտրվի վարչապետ, որ չոչնչանա մեր պետության «ծննդականը»․ «Դրանից հետո մենք Սահմանադրական դատարանի որոշումով շարունակում ենք բանակցությունները, որ տարածքային պահանջ չունենք, ու կնքում ենք խաղաղության պայմանագիր։ Եթե Փաշինյանը մնում է վարչապետ, իրեն օգտագործում են էս երկիրը վերացնելու համար, փափուկ ուժով, ինչ ասում են՝ անում է»։