Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան
PoliticsՎճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը։
Գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։
«Ուժեղ խաղաղության ընդդիմացողները․
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրեց Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգը՝ հիմնված հետևյալ վեց առանցքային ուղղությունների վրա՝ ուժեղ դիվանագիտություն, ժամանակակից ու մարտունակ բանակ, պաշտպանված երկինք, խելացի սահմաններ, արժանապատիվ զինծառայություն և զարգացած տեղական ռազմարդյունաբերություն։ Այս մոտեցումները ներառված են ռազմավարական փոփոխությունների համապարփակ ծրագրում, որը կուսակցությունը նախատեսում է կյանքի կոչել հունիսի 7-ին՝ ժողովրդի վստահության քվեն ստանալու դեպքում։
Հատկանշական է, որ Սամվել Կարապետյանի սահմանած նշաձողն արդեն իսկ այնքան բարձր է, որ նրա առաջնորդած քաղաքական ուժի յուրաքանչյուր առաջարկի նկատմամբ հանրությունն ունի բարձր պահանջներ և առավելագույն սպասելիքներ։ Ուստի, միանգամայն բնական էր ակնկալել, որ հանդես եկան փորձառու եւ արհեստավարժ միջազգային մակարդակի մասնագետներ և ներկայացրին այն հայեցակարգային ուղղությունները, որոնց իրագործմամբ կարող է արմատապես փոխվել Հայաստանի ներկայիս անվտանգային ճարտարապետությունը։
Առաջնային համարելով խաղաղության օրակարգի ամրապնդումն ու տարածաշրջանի բոլոր երկրների հետ առողջ հարաբերությունների զարգացումը՝ պետության արտաքին անվտանգության կարևորագույն հիմքերից մեկը դիտվում է ռազմավարական դաշնակիցների հետ ամուր և արդյունավետ համագործակցությունը։
Հայաստանի անվտանգային համակարգը գլխովին քայքայած օրվա իշխանությունը, որը, նախընտրական շահերից ելնելով, հիմա էլ Զինված ուժերը փորձում է վերածել «զբոսաշրջային վայրի» առանց գիտակցելու հետևանքները, գրեթե ամբողջությամբ որդեգրել է հակադիր քաղաքականություն։ Ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններից կարելի է միայն եզրակացնել, որ ՀՀ իշխանությունները փաստացի հրաժարվել են ժամանակակից բանակ ունենալու նպատակից և առաջ են քաշել «թույլ պետության» սկզբունքը՝ հավանաբար, Ադրբեջանի բարեհաճությանն արժանանալու և խաղաղություն մուրալու նպատակով։ Մինչդեռ պաշտոնական Բաքուն, ինչպես և սպասելի էր, շարունակում է առաջ քաշել նոր ու ավելի ագրեսիվ պահանջներ, որոնց իրական նպատակը խաղաղության կեղծ օրակարգի ներքո Հայաստանի պետականության հետևողական թուլացումն ու վերջնական ապամոնտաժումն է։
Հետևաբար, վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը։
Ի վերջո, խոսքը միայն քաղաքական մրցակցության մասին չէ։ Նժարին դրված է Հայաստանի ապագան․․․»։