«Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին
Socity«Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում: Այս մասին այսօր՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամեն օր մենք տեսնում ենք և նամակներ ենք ստանում կապված խցանումների խնդիրը լուծելու հետ: Մենք աշխատանքային խումբ ենք ստեղծել, հույս ունեմ, որ աշխատանքային խումբը լուծումներ կառաջարկի, բայց՝ հաշվի առնելով դարաշրջանը, այդտեղ էլ արհեստական բանականությանը պետք է ավելի մեծ դերակատարում վերապահենք: Մյուս կողմից պետք է հասկանանք, որ ոչ մի քաղաք ու փողոց «բեզռազմեր» չի, չափ ունի, այս իրավիճակը ստեղծվում է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությամբ և նրանով, որ այդ բոլոր մեքենաները գալիս ու մտնում են այդ նույն փողոցները»,- նշել է նա:
Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը շեշտեց, որ միանշանակ հույս կա լուծելու, շուտով քննարկվելու է Երևանի ՏԻՄ նոր օրենքը, լինելու են նոր կարգավորումներ՝ օրինազանց վարորդների և մեքենաների սխալ վայրերում կայանման դեպքում քարշակ ծառայությունը արտապատվիրակելու հնարավորություն ստեղծելու:
«Իրականում խցանումների առաջին կոմպոնենտը ավտոմեքենաների քանակն է, միայն Երևանում տարեկան 12,000 մեքենա է գրանցվում ու բոլորը երթևեկության մաս են կազմում, նույն թիվն էլ հարակից մարզերից եկող մեքենաներն են:
Երկրորդը՝ մեր վարելու պրակտիկան է, խցանումներն առաջանում են, որովհետև վերջին վայրկյանին դեղին լույսի տակով անցած մարդը գնում է և կանգնում է խաչմերուկի մեջտեղում: Երրորդն էլ կլինեն այն լուծումները, որ Երևան քաղաքում գերակայի հանրային տրանսպորտը ու ունենա առանձնացված գծեր: Հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար»,- ասել է նա: