Ադրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին
PoliticsԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջան-Հայաստան սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են։ Միևնույն ժամանակ նա ասել է, թե Հայաստանում կան մարդիկ, որոնք ունեն ռևանշիստական հայացքներ, և դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել։
Ըստ էության, սա Փաշինյանի նույն այն նարատիվն է, թե իրեն չընտրելու դեպքում սեպտեմբերին նոր պատերազմ կսկսվի։ Մեկ այլ հայտարարություն էլ արել է Իլհամ Ալիևը, որը կարելի է և՛ ծաղր, և՛ միաժամանակ աջակցություն համարել։ «Մենք չունենք Հայաստանը ոչնչացնելու կամ նրա անկախությունը խլելու մտադրություն»,- հայտարարել է Ալիևը։
«Այսօր այսպես կոչված եվրոպացի դիտորդները դեռևս, ենթադրաբար, հերթապահություն են իրականացնում ադրբեջանա-հայաստանյան սահմանին։ Ես ասել եմ, որ եթե մենք մեկ կրակոց արձակենք, նրանցից ոչ մի հետք չի մնա։ Բայց նրանք այնպես են վարվում, կարծես թե պաշտպանում են Հայաստանը մեզանից։ Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից պարզապես Փաշինյանի նարատիվների տարածում, հայ հանրության ահաբեկում և պարտադրանք, որպեսզի խորհրդարանական ընտրություններին ընտրեն Փաշինյանին։ Ըստ էության, սա նաև ազդակ պետք է լինի հայ հանրության համար՝ հասկանալու, թե ո՞ւմ է պաշտպանում թշնամի պետությունը և ո՞ւմ չպետք է ընտրել խորհրդարանական ընտրություններին։
Աննա Մարգարյան