Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին
PoliticsՀայաստանի գործող իշխանությունները և նրանց սպասարկող արևմտամետ ուժերը փորձում են անընդհատ խորհրդարանական ընտրությունները ներկայացնել որպես աշխարհաքաղաքական համատեքստ ունեցող միջոցառում, որտեղ իբր իրար դեմ պայքարում են Արևմուտքն ու Ռուսաստանը։
Ըստ էության, Փաշինյանը, որ ինքը տևական ժամանակ տարածել և խրախուսել է այս նարատիվները, սկսել է գիտակցել իր քայլի վտանգավոր հետևանքները։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, թե Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն աշխարհաքաղաքական համատեքստ չունեն։
Պատասխանելով հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է Հայաստանում կայանալիք ընտրություններին արտաքին միջամտության փորձեր և արդյոք նման միջամտության մաս է համարում այն, որ ՌԴ-ում տարբեր կուսակցությունների ղեկավարներ հայտարարում են, որ ՌԴ-ն չպետք է ճանաչի ընտրությունների արդյունքները, եթե գործող իշխանությունները վերընտրվեն, Փաշինյանն ասել է․ «Ե՛վ քաղաքական գործընթացի մասնակից ուժեր, և՛ մեկնաբաններ, և Հայաստանից դուրս գտնվող ուժեր այս ընտրություններում աշխարհաքաղաքական ենթատեքստ են տեսնում։ Աշխարհաքաղաքական ենթատեքստ կամ համատեքստ չունեն այս ընտրությունները, չեն էլ կարող ունենալ՝ մի պարզ տրամաբանությամբ․ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորման և բալանսավորված քաղաքականություն։ Մեր քաղաքականությունների մեջ ոչ մի դավադրություն, ընդդեմ գործողություն չկա»։ Սա, ի դեպ, ամբողջությամբ հօդս է ցնդեցնում գործող իշխանությունների բոլոր քարոզչական նարատիվները, ըստ էության, ապացուցում, որ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ կեղծում է անգամ սեփական հավատարիմ հետևորդներին, որոնց համար այս ընտրությունները, բնականաբար, ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ։
Իհարկե, որքան էլ Փաշինյանը այսօր փորձի չքմեղանալ, համոզել, թե իբր այս ընտրությունները չունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ, ակնհայտ է, որ հավաքական Արևմուտքի բուռն աջակցության, հանուն Փաշինյանի երկակի ստանդարտներին դիմելու գործողությունները որևէ կերպ դրական հետևանքներ չեն ունենալու։ Իսկ գործող իշխանության պարագլխի հայտարարություններն էլ ընդամենը Ռուսաստանից ստացվող հարվածները մեղմելու նպատակ են հետապնդում։
Էլեն Առաքելյան