Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Նախորդիվ՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ընթացքում, Կարապետյանը տեղեկացրել էր Դեղերի և առողջապահության վերահսկողության եվրոպական կենտրոնի (EDQM) տնօրենի հետ սպասվող հանդիպման մասին: Նա նշել էր, որ ներկայում Հայաստանում գրանցված է ընդամենը շուրջ 3000 անուն դեղ, այնինչ եվրոպական երկրներում այդ թիվը հասնում է մինչև 25000-ի, և գործող սահմանափակումների պատճառով բարձրորակ եվրոպական դեղերի մեծ մասը հասանելի չէ հայկական դեղատներում:
Խմբակցության ղեկավարի փոխանցմամբ, «Ուժեղ Հայաստանը» նախատեսում է հանդես գալ օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որը թույլ կտա վերացնել առկա խոչընդոտները, էապես իջեցնել դեղերի գները շուկայում և բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը: Նախաձեռնության արդյունքում ավելի քան 1,3 միլիոն քաղաքացի հնարավորություն կստանա որակյալ դեղորայք ձեռք բերել ավելի մատչելի գներով:
Ավելի ուշ՝ կայացած հանդիպումից հետո Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ EDQM ղեկավար Պետրա Դյորի հետ արդյունավետ քննարկում է ունեցել Հայաստանում դեղերի գները նվազեցնելու և Վրաստանի մակարդակին հասցնելու ծրագրի շուրջ: Նա ընդգծել է, որ շատ շուտով հանդես կգան հետաքրքիր լուծմամբ, որի շնորհիվ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում