ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակում
SocityԱրդեն հինգերորդ տարին անընդմեջ «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամի «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրն իրականացնում է «ՈւսանողականFest»-ը՝ ստեղծելով հարթակ Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների համար՝ զարգանալու, նոր կապեր ստեղծելու, տարբեր ոլորտների մասնագետների փորձին ծանոթանալու և նրանց հետ անմիջական երկխոսություն ունենալու համար։
Այս տարի «ՈւսանողականFest 2026»-ը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, և ակնկալվում է մեկ հարկի տակ համախմբել ավելի քան 500 ուսանողի։
Ֆեսթի առանցքում իրական պատմություններն են՝ մասնագիտական ճանապարհի, հաջողությունների, դժվարությունների, կարևոր որոշումների ու դրանցից քաղած դասերի մասին։ Մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն լսելու տարբեր ոլորտներում կայացած խոսնակներին, այլև ուղղելու իրենց հարցերը և անմիջականորեն հաղորդակցվելու նրանց հետ։
Այս տարվա խոսնակներն են՝
- Լարիսա Հովհաննիսյան՝ «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադիր,
- Ռուբեն Եսայան՝ ժամանակակից գրող, բլոգեր և սցենարիստ,
- Անի Խաչիկյան՝ դերասանուհի,
- Դավիթ Տոնոյան՝ բժիշկ-ուրոլոգ, անդրոլոգ։
Խոսնակները ուսանողների հետ կկիսվեն իրենց մասնագիտական և անձնական ճանապարհի պատմություններով՝ ներկայացնելով ոչ միայն հաջողությունները, այլև դրանց հետևում եղած դժվարությունները, ձախողումները, կարևոր շրջադարձերն ու մարտահրավերները հաղթահարելու փորձը։
«ՈւսանողականFest»-ի նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալ հանդիպելու տարբեր մասնագիտական ուղիներ ընտրած մարդկանց, բացահայտելու նոր հեռանկարներ և ստանալու այն հարցերի պատասխանները, որոնք կարող են կարևոր լինել սեփական կրթական ու մասնագիտական ճանապարհը կառուցելիս։
Հինգերորդ տարին շարունակ «ՈւսանողականFest»-ը միավորում է տարբեր բուհերի և մասնագիտությունների ուսանողներին՝ ձևավորելով միջավայր, որտեղ հնարավոր է սովորել ոչ միայն հաջողության պատմություններից, այլև դրանց հասնելու ճանապարհից։ Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել հայտ: