Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»
PoliticsՍիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում ենք բոլորիս Երևանի, մեր սիրելի մայրաքաղաքի տոնի` 2808 ամյակի առթիվ։
Դարերի խորքից եկող ու դեպի ապագան նայող մեր հին ու նոր Երևանը սովորական քաղաք չէ, այն յուրաքանչյուրիս տունն է, համայն հայության մայրաքաղաքը, աշխարհասփյուռ հայերի ազգային իղձերի, պատմական հիշողության և քաղաքական կամքի կենտրոնը։
Երևանը մեր երկրի սիրտն է, մեր պատմության, մշակույթի ու պետականության կենդանի վկայությունը, որի պատմական դիմագծը պետք է պահպանել հատուկ հարգանքով և հոգատարությամբ։
Երևանը սիրո քաղաք է։ Երևանցիները խաղաղություն են ցանկանում։ Մեր սիրելի Երևանի և Հայաստանի համար հնարավոր է խաղաղություն հաստատել առանց զիջումների։ Այսօր, առավել քան երբևէ, պետք է հստակ արձանագրենք՝ «Ուժեղ Հայաստանն» ամեն օր աշխատում է հանուն Ուժեղ Երևանի։
Ուժեղ Երևան՝ Ուժեղ Հայաստանի մայրաքաղաք։ Մայրաքաղաք, որտեղ մարդիկ ապրում են բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով, որն անընդհատ զարգանում և բարգավաճում է հանուն գալիք սերունդների։
Այս ամենի հիմքում առանց զիջումների խաղաղությունն է։ Սա է մեր հանձնառությունը, մեր քաղաքական դիրքորոշումն ու ռազմավարական նպատակը։
Երևանը պետք է դառնա մեր պետության վերելքի, ինքնավստահության և ապագա հաղթանակների շարժիչ ուժն ու կենտրոնը։
Երևանը պետք է լինի քաղաք, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է ապահով, ապրում արժանապատիվ և հարմարավետ պայմաններում։ Շնորհավո՛ր տոնդ, համայն հայության սիրելի՛ մայրաքաղաք։ Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն։