Team ընկերությունների խումբն ամփոփում է 2025 թվականի ձեռքբերումները
Общество2025 թվականը Team ընկերությունների խմբում նորարարությունների, նոր համագործակցությունների և կայուն զարգացման տարի էր։ Team-ը շարունակեց տարբեր ոլորտներում սահմանել նոր նշաձողեր՝ ընդլայնվելով ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային շուկայում:
«2025-ը Team-ի համար դարձավ իրական առաջընթացի ու համարձակ գաղափարների տարի։ Թիմով նախաձեռնեցինք ու իրականացրինք մի շարք նոր նախագծեր՝ ընդլայնելով թե՛ գործունեության ոլորտները, թե՛ աշխարհագրությունը: Միաժամանակ շարունակել ենք արդեն իսկ մեկնարկած ծրագրերի արդյունավետ իրագործումը՝ նպատակ ունենալով մեզ վստահողներին ապահովելու որակյալ և հուսալի ծառայություններով ու պրոդուկտներով: Թիմային 2025-ը նոր մեկնարկների տարի էր, և վստահ եմ՝ 2026-ը դառնալու է հաջող շարունակության և արդյունավետ աշխատանքի տարի»,-նշում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:
Team ընկերությունների խմբի համար տարին առանձնացավ Հայաստանի տեխնոլոգիական մեգանախագծի՝ 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարանի նախաձեռնության մեջ իր նշանակալի դերակատարմամբ: Տարածաշրջանի խոշորագույն AI գործարանի կառուցմանն են ներգրավված խմբի ընկերությունները, իսկ գործարանի աշխատանքի համար կծառայեն Team Telecom Armenia-ի կապի ենթակառուցվածքներն ու ռեսուրսները:
Միաժամանակ, ընկերությունը շարունակել է բջջային ցանցի արդիականացման աշխատանքները ողջ հանրապետությունում: Նորագույն 5G ցանցը արդեն հասանելի է Հայաստանի երեք խոշորագույն քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Արդյունավետորեն շարունակվել են նաև 4G ցանցի վերազինման աշխատանքները՝ գերարագ բջջային և ինտերնետ կապը հասանելի դարձնելով ոչ միայն քաղաքային, այլև գյուղական բնակավայրերում և միջպետական ճանապարհներին:
Ընկերությունը նաև շարունակեց 25 Գբ/վ արագությամբ NGN ցանցի կառուցումը, որն արդեն իսկ հասանելի է դարձել շուրջ 410 000 տնային տնտեսության։
Հաճախորդներին ավելի մոտ գտնվելու նպատակով ընկերությունը 2025-ին ընդլայնեց նաև վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը՝ իր դռները բացելով նաև MegaMall առևտրի կենտրոնում, Բագրատաշենում: Ընկերության նոր ձևաչափով սրահը՝ Team Place-ը, որտեղ մեկտեղված են Team Telecom Armenia-ի և Team Systems-ի պրոդուկտներն ու ծառայությունները, գործում է Homplex-ում:
Տելեկոմ ոլորտում հաջողություններ գրանցեցին նաև Team ընկերությունների խմբի կազմում գործող վրացական SkyTel և իռլանդական Imagine ընկերությունները: Վերջինս հայտարարեց վերաբրենդավորման մասին՝ նոր նպատակներով ու նոր առաքելությամբ։ Տարվա ընթացքում իրականացվեց առաջին համատեղ նախագիծը Team-ի հետ՝ ֆուտբոլային հանդիպման ձևաչափով, որը նշանավորեց նոր շրջափուլը ընկերության կենսագրության մեջ։
2025-ին ևս Team Telecom Armenia-ն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերի շրջանակում աջակցեց կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացմանը: Ընկերությունը «Գիտության շաբաթ. Հայաստան»-ի, DigiTec-ի, Tech Week-ի, Sevan Startup Summit-ի, Koreez-ի և այլ հաջողված նախագծերի կողքին էր:
2025-ը նշանավորվեց նաև Team-ի հերթական մեծամասշտաբ ծրագրի մեկնարկով՝ Team-ը մուտք գործեց էներգետիկական ոլորտ: Գեղարքունիքի մարզում ընկերությունների խումբը շահագործման հանձնեց 16 միլիոն կՎտԺ տարեկան արտադրանքով արևային կայան:
Team ընկերությունների խմբի Team Pay ընկերությունը տարվա ընթացքում հանդես եկավ նոր առաջարկով՝ շուկա բերելով VISA թվային քարտը և գործարկելով «Բենեֆիտներ» ծրագիրը, որը ներառում է 6 նոր լուծում և առավելություն օգտատերերի համար՝ ընդլայնելով թվային վճարումների էկոհամակարգը:
Team Energy ընկերությունը 2025-ին շարունակեց էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ցանցի ընդլայնումը՝ քանակը հասցնելով 200-ից ավելիի։ Ընկերության արագ՝ 240 կՎտ հզորությամբ լիցքավորման կայաններ արդեն իսկ կան թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում:
Team Systems-ը 2025-ին իրականացրեց Microchip-ի կառուցվածքային մալուխային համակարգի նախագծման ու տեղադրման աշխատանքներ՝ ամրապնդելով իր դիրքը առաջատար տեխնիկական և ինժեներական լուծումների շուկայում։
Team Solutions-ի համար տարին նշանավորվեց «Զանգեզոր» համայնքի թվային վերափոխմամբ․ ստեղծվեց միացյալ հարթակ, որտեղ զանգերը, էլեկտրոնային նամակները և սոցիալական մեդիայի հաղորդագրությունները ձևակերպվում են մեկ համակարգում։ Ընկերությունը մշակեց նաև հարկային տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգ և շարունակում է իրականացնել պետական ու մասնավոր հատվածի թվայնացման նոր նախագծեր։
Yerevan Hotel-ում 2025-ը եղավ բարձր ստանդարտների հաստատման տարի․ հյուրանոցը անցում կատարեց միջազգային Opera Property Management համակարգին և ստացավ Small Luxury Hotels ցանցի ստանդարտներին համապատասխանության պաշտոնական հավաստագիր։
Buy.am-ը ընդլայնեց գործընկերների ցանցը՝ ավելացնելով ավելի քան 130 նոր համագործակցություն և գործարկեց Apple Pay-ով վճարումները՝ դյուրացնելով գնումների գործընթացը հազարավոր հաճախորդների համար։
Team Construct-ը ամրագրեց իր դիրքը շինարարության և նախագծման ոլորտում՝ ձեռք բերելով 14 նոր գործընկեր և կյանքի կոչելով մեծածավալ նախագծեր, որոնց թվում էին AI9-ը, COAF-ի ֆուտբոլային դաշտը և «Փինկի Փինկ»-ի նոր տարածքները։
Team Logistics-ը շարունակեց ավտոպարկի համալրումը էլեկտրական մեքենաներով և մեկնարկեց դեպի Եվրոպա կանոնավոր բեռնափոխադրումները՝ ընդլայնելով Հայաստանի և ԵՄ շուկաների միջև կապը։
Service Hub-ը 2025-ին Հայաստան տեղափոխեց 5 միջազգային ընկերությունների հաճախորդների սպասարկման թիմերը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և միջազգային ստանդարտներով սպասարկման որակ։
Տարվա կարևոր ձեռքբերումներից էր նաև Team Holding-ի պարտատոմսերի թողարկումը, որը նոր հնարավորություններ բացեց ներդրումային շուկայում, իսկ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվեց նախատեսված ժամկետից շուտ:
Թիմային 2026 ենք մուտք գործում նոր նպատակներով և նոր հաղթանակներ գրանցելու վճռականությամբ՝ շնորհակալություն հայտնելով մեր թիմին ու մեզ վստահողներին այս ճանապարհը միասին անցնելու համար: