Թուրքիան բաց տեքստով հաստատեց միջամտությունը Հայաստանի ընտրություններին
ПолитикаՎերջին օրերին Թուրքիայի կողմից Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ուղղակի միջամտության փաստը այլևս թաքցնել հնարավոր չէ։ Դա հրապարակային կերպով հաստատվեց այն պահին, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բաց և ուղիղ աջակցություն հայտնեց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությանը։ Հատկանշական է, որ դրանից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները շտապեցին հերքել Թուրքիայի կողմից որևէ աջակցության փաստը՝ փորձելով նվազեցնել հայտարարության քաղաքական ազդեցությունը։ Սակայն հենց այս հակասությունն էլ առավել ընդգծեց իրականությունը։
Թուրքիայի հրապարակային լոբբինգը հաստատեց վաղուց շրջանառվող տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը Անկարայի համար դիտարկվում է որպես «հարմար ուղու երաշխավոր»։ Թուրքիայի քաղաքական հաշվարկներում նա ընկալվում է որպես կառավարելի գործընկեր, որը պատրաստ է ապահովել տարածաշրջանային զարգացումները թուրքական պայմաններով և առաջնահերթություններով։
Անկարայի այս հայտարարությունը լուրջ հարված է Հայաստանի քաղաքացիների ինքնիշխան ընտրության մասին ցանկացած թեզի։ Երբ արտաքին պետության բարձրաստիճան պաշտոնյան հրապարակավ աջակցություն է հայտնում կոնկրետ քաղաքական գործչի, դա նշանակում է մեկ բան՝ փորձ է արվում հայ ժողովրդի փոխարեն ընտրություն կատարել։ Այս դեպքում խոսքը ոչ թե դիվանագիտական ակնարկի, այլ բաց քաղաքական դիրքորոշման մասին է։
Թուրք նախարարի հայտարարություններում ակնհայտ է նաև արտաքին աջակցության և ներքին լեգիտիմության միջև հակասությունը։ Ֆիդանը վստահաբար խոսում է Փաշինյանի առաջատար դիրքերի մասին, մինչդեռ հենց Հայաստանում անցկացված հասարակական կարծիքի հարցումները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս։ Այդ հարցումների համաձայն՝ քաղաքացիների միայն 4.7 տոկոսն է Փաշինյանին համարում միավորող գործիչ, իսկ 57 տոկոսը կարծում է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։ Այն, ինչ սխալ և վտանգավոր է հայ ժողովրդի համար, ակնհայտորեն շահավետ է Թուրքիայի համար, և այս համադրությունն ինքնին բացահայտում է Անկարայի քաղաքական մոտիվացիան։
Պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները նման հայտարարություններին արձագանքեցին հիստերիկ շտապողականությամբ։ Հերքումները ավելի շատ վկայում էին ոչ թե վստահության, այլ վախի մասին՝ վախ սեփական քաղաքացիների աչքում բացահայտվելուց։ Իշխանությունը լավ է գիտակցում, որ արտաքին աջակցության բացահայտումը կարող է վերջնականապես խաթարել իր առանց այդ էլ խոցելի լեգիտիմությունը։ Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը այս համատեքստում ուշադրություն է հրավիրել վերջին օրերին իշխանության կողմից ներկայացված «ձեռքբերումների» վրա։
Նրա խոսքով՝ մեկ շաբաթվա ընթացքում, ի հակակշիռ ադրբեջանական ռազմական սպառնալիքների, իշխանությունը սեփական ժողովրդին ցույց տվեց ընդամենը երեք բան՝ մեկ փաստաթուղթ, մեկ մրցանակ և մեկ հրավեր։ Առաջինը՝ այսպես կոչված TRIPP-ը կամ «Թրամփի ուղին», որը չի կարող դիտարկվել որպես անվտանգության համակարգ կամ երաշխիք։
Երկրորդը՝ «Զայեդ» մրցանակն է, որը Փաշինյանը ստացել է իբր Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ջանքերի համար, սակայն քաղաքական իրականությունում այն չունի որևէ արժեք կամ կշիռ։ Իսկ երրորդը՝ հրավերն է մասնակցելու «Խաղաղության խորհրդին» որպես հիմնադիր անդամ, որը, ըստ վերլուծաբանի, չի փոխում Հայաստանի անվտանգության և քաղաքական վիճակը։
Այս բոլոր գործընթացների ֆոնին Թուրքիայի բացահայտ դիրքորոշումը այլևս կասկածի տեղ չի թողնում։ Խոսքը ոչ թե ենթադրությունների, այլ փաստերի մասին է։ Երբ Անկարան հրապարակավ աջակցում է գործող իշխանությանը, դա նշանակում է, որ այդ իշխանությունը բավարարում է Թուրքիայի տարածաշրջանային շահերը։ Իսկ դա արդեն հարց է, որը յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքն իրեն տա՝ ում շահերն են իրականում սպասարկվում և ինչ գին է պատրաստվում վճարել Հայաստանը այդ «աջակցության» դիմաց։