Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է
ПолитикаԻրանի շուրջ զարգացումները գնալով ավելի վտանգավոր ընթացք են ստանում, իսկ բանակցությունները, կարծես, փակուղի են մտել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ «Այն շարժվում է մեծ արագությամբ և հզոր ուժով», – գրել է Թրամփը՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան նավատորմը առաջնորդում է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը։ «Ինչպես և Վենեսուելայի պարագայում, այս դեպքում ևս այն պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագորեն և, եթե պետք լինի, բռնության կիրառմամբ», – նշել է նա։
Իրանն էլ, ըստ էության, հետքայլի որևէ նշան ցույց չի տալիս։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է՝ Իրանի զինված ուժերի մատները ձգանի վրա են՝ պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։ «12-օրյա պատերազմից քաղված արժեքավոր դասերը թույլ են տվել մեզ արձագանքել ավելի հզոր, արագ և խորը։ Միևնույն ժամանակ, Իրանը միշտ ողջունել է փոխշահավետ, արդար և հավասար միջուկային համաձայնագիրը՝ հավասար հիմունքներով և առանց հարկադրանքի, սպառնալիքների և ահաբեկման, որը ապահովում է Իրանի իրավունքները խաղաղ միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ և երաշխավորում է միջուկային զենքի բացակայություն», – X-ի իր էջում գրել է Արաղչին։
Փաստացի տարածաշրջանում զարգացումները ավելի ու ավելի վտանգավոր դրսևորումներ են ստանում, և բազմաթիվ առաջատար լրատվամիջոցներ չեն բացառում, որ Իրանին նոր հարված հասցնելը օրերի, անգամ ժամերի հարց է։ Բնականաբար, այս ամենը ծանր հետևանքներ է ունենալու մեր տարածաշրջանի համար։ Մինչ Փաշինյանի իշխանությունը խաղաղության քարոզ է տանում՝ փորձելով Միացյալ Նահանգներին բերել տարածաշրջան, ԱՄՆ-ը մտմտում է Իրանին հարվածելու մասին։ Հատկապես ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցելության մասին լուրերի ֆոնին, ինչպես նաև այսպես կոչված TRIPP ծրագրի շուրջ բանակցությունների ու դրան Իրանի կոշտ արձագանքի խորապատկերում ակնհայտ է, որ ամերիկա-իրանական նոր հակամարտությունը առաջին հերթին հարվածելու է հենց Հայաստանի Հանրապետությանը։
Փաստացի հարավային հարևանը, որը Հայաստանի բնական դաշնակիցը կարող է լինել, նման պայմաններում կարող է վերածվել Հայաստանի թիվ մեկ հակառակորդի։ Իսկ դրա միակ պատասխանատուն և մեղավորը փաշինյանական իշխանությունն է։
Սոնա Գալստյան