Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան
ПолитикаՀայոց ցեղասպանության ճանաչման և, առհասարակ, մեր ժողովրդի հետ մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործության հարցը քաղաքական, անվտանգային, իրավական կամ բարոյական գործոններից բացի նաև շատ զգայուն թեմա է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Թեև ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջան այցին տարբեր որակումներ տրվեցին, սակայն այն ֆիքսվեց ու կհիշվի Ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով։
Տարբեր մեկնաբանություններ տեսա այդ քայլի շարժառիթների վերաբերյալ, այդ թվում՝ պաշտոնական արձագանքը․ աղմուկը կկանգնի, սակայն վերքը դեռ շատ երկար կարյունահոսի։
Ուզում եմ հիշեցնել, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի հիմքում երկար տարիներ դրված է եղել նաև անվտանգության բաղադրիչը, և պատմական փաստերի հերքումը, խեղաթյուրումը կամ շրջանցումը մշտական սպառնալիք են հայ ժողովրդի համար»,-գրել է Աբրահամյանը։