Թոշակի բարձրացում ընտրությունների շեմին․ սոցիալական քայլ, թե քաղաքական հաշվարկ
ПолитикаԽորհրդարանական ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունը հայտարարեց կենսաթոշակների տասը հազար դրամով բարձրացման մասին։ Որոշումն անմիջապես հայտնվեց քաղաքական քննարկումների կենտրոնում՝ դառնալով թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական գնահատականների առարկա։
Իշխանության ներկայացրած հիմնավորումների համաձայն՝ քայլը միտված է սոցիալական բեռի թեթևացմանը և տարեցների կենսամակարդակի բարելավմանը։ Սակայն ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ նման փոփոխություն նախապես նախատեսված չէր և այն պայմանավորված է քաղաքական գործընթացներով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ պետական բյուջեում թոշակների բարձրացում նախատեսված չի եղել։ Նրա խոսքով՝ բյուջեն ընդունվել էր ընդամենը երկու ամիս առաջ, և այնտեղ նման ծրագիր առկա չէր, ինչի պատճառով կատարված փոփոխությունը կարելի է դիտարկել որպես քաղաքական ճնշման արդյունք։
«Պետական բյուջեում թոշակների բարձրացում նախատեսված չէր։ Բյուջեն ընդունվել էր երկու ամիս առաջ, և այնտեղ նման ծրագիր գոյություն չուներ, ուստի այս փոփոխությունը մենք համարում ենք հաղթանակ։ Մենք ուրախ ենք, որ այսքան տարի հետո վերջապես թոշակի այսպիսի բարձրացում եղավ։ Ինչ վերաբերում է հարցին, որ սա ընտրակաշառք է, մեր հասարակությունը բարձր իրավագիտակցություն ունի, թող մարդկանց համար դրական ազդեցություն թողնի, ովքեր երեսունհինգ հազար դրամ են ստանում, կարծում եմ, որ ինչ էլ ուզենան անեն, մարդիկ իրենց կարծիքը կասեն։ Այսքան տարիների ընթացքում առաջին անգամ լուրջ, բյուջեով չնախատեսված նման բան եղավ, և սա քաղաքական ճնշման արդյունք էր, քանի որ մինչև վերջին քաղաքական գործընթացները և մեր ակտիվ ներգրավվածությունը որևէ կանխատեսում չկար, որ բյուջեն պետք է վերանայվի։ Սա մեր և մեր ընդդիմադիր գործընկերների աշխատանքի արդյունքն է, սակայն լավ կլիներ, որ պարգևավճարները նվազեն, թոշակները բարձրանան»,– նշել է Կարապետյանը։
Քաղաքական վերլուծաբանների մի մասը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ սոցիալական նման որոշումները նախընտրական փուլերում միշտ ունենում են երկակի ազդեցություն։ Մի կողմից՝ դրանք իրական աջակցություն են հազարավոր քաղաքացիների համար, մյուս կողմից՝ ընկալվում են որպես ընտրական գործընթացի հետ կապ ունեցող քայլեր։
Հատկանշական է, որ որոշումը կայացվեց այն պայմաններում, երբ ընդդիմադիր ուժերը վերջին ամիսներին ակտիվորեն բարձրաձայնում էին սոցիալական անհավասարության, պետական պարգևավճարների ծավալների և կենսաթոշակների մակարդակի հարցերը։ Այդ համատեքստում ընդդիմադիր շրջանակներում համոզված են, որ իշխանությունը գնաց այս քայլին նաև հրապարակային ճնշումների և քաղաքական դաշտում ուժեղացող քննադատության պայմաններում։
Քաղաքական դիտարկումների համաձայն՝ գործող իշխանությունը նման որոշմամբ փորձեց մեղմել սոցիալական դժգոհությունները և նվազեցնել նախընտրական լարվածությունը։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիր ուժերը, մասնավորապես Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական թիմը, շարունակելու են պնդել, որ սոցիալական քաղաքականությունը պետք է լինի համակարգային, ոչ թե իրավիճակային։
Առաջիկա ամիսները ցույց կտան՝ կենսաթոշակների բարձրացումը հասարակության կողմից կընկալվի որպես իրական սոցիալական ձեռքբերում, թե որպես նախընտրական հաշվարկի մաս։ Սակայն ակնհայտ է, որ այս որոշումը արդեն իսկ դարձել է քաղաքական պայքարի առանցքային թեմաներից մեկը և ձևավորում է նոր քննարկումներ սոցիալական արդարության և պետական առաջնահերթությունների շուրջ։