Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը
ПолитикаՆիկոլ Փաշինյանը երեկ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի հետ։ Հիշեցնենք՝ նախագահ Էրդողանը հրաժարվել էր ժամանել Երևան և, խախտելով գագաթնաժողովի կանոնակարգը, իր փոխարեն ուղարկել էր իր տեղակալին։ Սկզբնապես կանխատեսումներ կային, որ Հայաստանն ու Թուրքիան այս գագաթնաժողովի շրջանակներում ինչ–ինչ պայմանավորվածությունների կհանգեն՝ հայ–թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելու ուղղությամբ, բայց ստորագրված միակ փաստաթուղթը Երևանում եղել է Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման մասին արձանագրության ստորագրումը։ Սա Անկարայի և Երևանի միջև ստորագրված առաջին փաստաթուղթն է՝ 2009 թվականի հայ–թուրքական արձանագրություններից հետո, որոնք Թուրքիան այդպես էլ չի վավերացրել։
Փաստացի, որքան էլ փաշինյանական իշխանությունը փորձում է Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան, ինչպես նաև այս արձանագրության ստորագրումը ներկայացնել որպես դիվանագիտական ձեռքբերում, ըստ էության՝ հայ–թուրքական ճակատում որևէ առաջընթաց գոյություն չունի, իսկ պատմական կամրջի շինարարության աշխատանքներն էլ առանձնակի մեծ կարևորություն չեն ներկայացնում։ Դա ընդամենը տեխնիկական հարց է, որի համար նույնիսկ արձանագրություն ստորագրելու կարիք չկար։
Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մշտապես շաղկապում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ և իր այս քայլով էլ հերթական անգամ ապացուցում է, որ Փաշինյանին աջակցություն ցուցաբերելու կարիք չունի։ Ու Հայաստանի իշխանություններն իրենք էլ հասկանում են այս հանգամանքը, բայց առայժմ ստիպված են խաղալ թուրք–ադրբեջանական տանդեմի թելադրած կանոններով։
Մոնիկա Կիրակոսյան