Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան
ПолитикаԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որեւէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ։
Կեղծիք, մանիպուլյացիա, ադրբաջանական շահ, տգիտություն։
Long read
Փաստարկներ՝
1. Խորհրդային շրջանում անգամ, ի տարբերություն հայաստանաբնակ ադրբեջանցիների, ովքեր որեւէ կարգավիճակ չունեին, Արցախում արցախցիները ունեին միջազգային կարգավիճակ՝ ինքնավարություն, իսկ հետագայում էլ ԽՍՀՄ բոլոր օրենքներին համապատասխան, իրացնելով միջազգային նորմ համարվող ազգերի ինքնորոշման իրավունքը, արցախցիները հռչակել են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) անկախությունը։
2. Արցախցիները 2023 թ. ենթարկվել են էթնիկ զտման իրենց իսկ հայրենի բնօրրանում, իսկ Խորհրդային տարիներին հայաստանաբնակ ադրբեջանցիները հանգիստ նստել են իրենց ավտոմեքենաները եւ լքել Հայաստանը։ Ընդ որում, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեզը և մի խումբ այլ ինստիտուտներ ու փորձագետներ Արցախում տեղի ունեցածը գնահատել են որպես ցեղասպանություն, իսկ Freedom House-ը, Եվրոպական խորհրդարանը և այլ ինստիտուտներ՝ էթնիկ զտում։
Իսկ Հայաստանի իշխանությունները հենց այդ ժամանակ հայտարարում էին, որ արցախցիների կյանքին վտանգ չի սպառնում։
3. ՀՀ իշխանությունների ակնհայտ հակահայկական դիրքորոշման պայմաններում անգամ, արցախցիների՝ Արցախ վերադարձի վերաբերյալ միջազգային հարթակներում ունենք հայանպաստ արդյուքներ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 40 երկրի 2023թ. հոկտեմբերի 11-ի համատեղ հայտարարությունը, Եվրոպական խորհրդարանի բանաձևը, Շվեյցարիայի օրենսդիր մարմնի ընդունած բանաձևը, Բելգիայի խորհրդարանի բանաձևը, ԱՄՆ 87 կոնգրեսականների նամակ-հայտարարությունը։
Միեւնույն ժամանակ, ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու վերաբերյալ ունենք զրո միջազգային փաստաթուղթ։ Ցավոք, սակայն, այսօր Ադրբեջանը պետական մակարդակով հսկայական ռեսուրսներ է ծախսում այս ուղղությամբ, ու եթե դրանք չհանդիպեն հակազդեցության հայկական կողմից, իսկ այդպիսի գործիքակազմ դեռեւս առկա է, ապա շատ մոտ ապագայում Ադրբեջանը կարող է առաջընթաց ունենալ նաեւ այս դաշտում։
4. Արցախցիները հազարամյակներով ապրում էին իրենց հայրենիքում, եւ մարդկության դեմ հանցագործության հետեւանքով ստիպված լքել են այն, իսկ ադրբեջանցիները Հայաստանում բնակվեցին ԽՍՀՄ որոշմամբ՝ համապատասխան ընդունված ռազմավարության, ըստ որի մի տարածաշրջանում միատարր էթնիկ խմբի դեպքում արհեստականորեն «տեղավորում» էին մեկ այլ էթնիկ տարր, այստեղ վառ օրինակ է նաեւ «Կարմիր Քրդստանը»։
5. Իլհամ Ալիեւի կողմից ֆինանսավորվող «Արեւմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի մեկնարկը տրվել էր շատ ավելի շուտ, քան Արցախի հայաթափումը եւ արցախցիների բռնագաղթը։
Հաշվի առնելով վերոգրյալ՝ ադրբեջանցիների Հայաստան տեղափոխումը որոշակիորեն համադրելի է հայերի՝ օրինակ Սումգայիթ եւ Բաքու վերադարձի հետ, բայց ոչ երբեք Արցախ վերադարձի։
Պատասխանատվությունից հրաժարվելու, Արցախի ժողովրդին կրկնակի «զոհաբերելու» և ադրբեջանական հանցագործությունները լեգիտիմացնելու հերթական ակտի դրսեւորում կարելի է համարել Նիկոլ կեղծարարի եւ իր փոքրիկ խմբակի հայտարարություններն առ այն, որ երբ մենք՝ հայերով խոսում ենք Արցախ վերադարձի մասին, ապա դա շարժառիթ է հանդիսանում Ադրբեջանում «Արեւմտյան Ադրբեջան» ծրագրի համար։