Քարը քարին չեն թողնի. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Ընթացիկ ներքաղաքական անցուդարձի խորապատկերում, դատարանի բակում ճեպազրույցի ժամանակ մի քանի հետաքրքիր շեշտադրումներ արեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Նախ՝ ուշադրություն գրավեց այն դիտարկումը, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն կհեռացնի: Ակնարկը շատ թափանցիկ է՝ Փաշինյանը, փորձելով «խաղալ» երկու լարի վրա, ինքն իրեն (նաև Հայաստանը) դրել է փակուղու, եթե ոչ՝ կրկնակի թակարդի մեջ: Այսինքն, հիմնական ընդդիմադիր ուժի ղեկավարը, կարծես, «դանդաղ շտապելու» տակտիկան է ընտրել՝ թողնելով, որ իշխանությունը իր հիպերակտիվությամբ ինքն իրեն որքան կարող է՝ վնասի:
Մյուս կողմից՝ հատկանշական է, որ Փաշինյանի հրահանգով իրականացվում են սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարումներ: Սամվել Կարապետյանի դիտարկմամբ, իշխանությունները ոչ մի այլ ձևով չեն կարողանում գործ անել, ուստի ընկել են մարդկանց ետևից, որպեսզի գրպաններից մի բան քաշքշեն:
Այո, կամայական եղանակներով ընկերություններ են զավթում, կառավարիչներ են նշանակում: Բայց մյուս կողմից՝ ինչ էլ անի Փաշինյանը, ինչ բռնաճնշումների էլ դիմի, միևնույնն է, Գագիկ Ծառուկյանը մնալու է Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյանը մնալու է Սամվել Կարապետյան: Այսինքն, մարդկանց բարի համբավը, արած գործերը, ամեն առումով կայացածությունը ոչ մի Փաշինյան չի կարող «բռնագանձել», որքան էլ որ ջանա:
Ի դեպ, ուշագրավ մի զավեշտ էլ կա՝ կապված բարեգործության հետ: Հայաստանի գործող իշխանությունը վատ է զգում ու վտանգ է տեսնում բարեգործության մեջ, ցանկանում է այն արգելել: «Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր»,- պատկերավոր նկատեց Սամվել Կարապետյանը՝ հասկացնելով, որ եթե մարդը կամենում է բարի գործ անել, կանի, անկախ ամեն ինչից: «Արել եմ, անում եմ և անելու եմ, որովհետև ես դա անում եմ Հայաստանի համար, հայ ժողովրդի համար և ամբողջ հայության համար: Ոչ ոք չի կարող ինձ զրկել այդ ցանկությունից»,շեշտեց Կարապետյանը:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից «բիզնեսներ խլելուն», ապա Սամվել Կարապետյանի՝ ինչ-որ տեղ հուզական դիտարկումը կարող է դառը կանխատեսում լինել. «Մարդիկ չտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են իրենց կյանքում մի բան կառավարեն, հիմա տալիս ենք, թող կառավարեն: Քարը քարին չեն թողնի, իրենք հնարավորություն ունեին, «Հրազդան ցեմենտն» արդեն քանի տարի իրենց ձեռքում է, թող կառավարեն, հեսա կտեսնեք, թե ինչ կանեն այդ նույն ցեմենտի, կոնյակի գործարանի հետ»:
Ի դեպ, այս կառավարությունը մինչև հիմա ամենից հայտնի բանը, որ կառավարել է, իրենց պարտված պատերազմն է, Արցախը հանձնելն է, ամեն ինչ ավիրելն է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում