«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքով
ОбществоԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված համակողմանի զարգացման մոդելը մեկնարկում է այս ամիս՝ առաջին սերնդի հիմնադիր խմբով:
ԵՐԵՎԱՆ, Հայաստան, 2026թ. սեպտեմբերի 1. Հայաստանի կրթական նախաձեռնությունը (ՀԿՆ)՝ «Դասավանդի'ր հանուն Հայաստանի»-ի հիմնադիր կազմակերպությունն, այսօր հայտարարեց «Սերունդ»-ի՝ Հայաստանի առաջին հեղինակային մոդելի մեկնարկի մասին, որը հիմնված է երեխայի համակողմանի զարգացման վրա և կառուցված է արհեստական բանականության հենքով։ Մոդելը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Առաջին սերնդի հիմնադիր խումբը ուսումն սկսում է այս ամիս՝ համագործակցելով «Հովնանյան Ինթերնեյշնլ»-ի, «Ռեվ և Ռեյչլ հիմնադրամ»-ի և անանուն դոնորի հետ։
«Սերունդ»-ը մշակվել և փորձարկվել է Հայաստանի հանրակրթական դպրոցներում վերջին վեց տարիների ընթացքում։ Այն ստեղծված է հանրակրթական դպրոցի համար, որպեսզի համակողմանի կրթությունը հասանելի լինի յուրաքանչյուր հայ երեխայի համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից։
«Սերունդ»-ը նպատակադրվում է թոթափելու ուսուցչի վարչարարական բեռը արհեստական բանականության միջոցով։ Չորս մակարդակից բաղկացած ճարտարապետությունը ստանձնում է այն աշխատանքը, որում մեքենաներն ավելի հմուտ են, այդ թվում՝ ուսումնական ծրագրի անհատական հարմարեցումը, ուսումնական տվյալների վերլուծությունը և յուրաքանչյուր երեխայի համար տեմպի կարգավորումը։ Սա ուսուցիչներին ժամանակ է վերադարձնում այն աշխատանքի համար, որը կարող են կատարել միայն մարդիկ. ճանաչել իրենց աշակերտներին, կառուցել այն հարաբերությունները, որոնք օգնում են բացահայտել երեխայի ներուժըև դպրոցը դարձնել վայր, ուր երեխաներն իսկապես լի են խինդով և հմտություններով։ Տեխնոլոգիան ծառայում է համակողմանի կաղապարին, իսկ սոցիալ-հուզական զարգացումը մնում է առանցքում։
«Ամենուր կրթական համակարգերն այժմ հարցադրում են՝ ինչին են նախապատրաստում երեխաներին։ Քիչ են երկրները , որոնք ունեն բավարար ճկունություն սկսելու մեկնարկային կետից, իսկ մեր երկիրը կարող է», — ասել է Լարիսա Հովհաննիսյանը՝ Հայաստանի կրթական նախաձեռնության հիմնադիրը և գործադիր տնօրենը։ ««Սերունդ»-ը յուրօրինակ լաբորատորիա է. սա մեկ երկրի փորձ է՝ աշխարահի համար։ Երախտապարտ ենք «Հովնանյան Ինթերնեյշնլ»-ին, «Ռեվ և Ռեյչլ հիմնադրամ»-ին և մեր անանուն դոնորին՝ այս նախաձեռնությանն աջակցելու համար և Հայաստանի յուրաքանչյուր երեխայի, ոչ միայն մի քանիսին՝ այս կրթությունը հասանելի դարձնելու համար»։
«Հովնանյան Ինթերնեյշնլ»-ի համար այս գործընկերությունը մոտ երեք տասնամյակ կառուցելու ու կերտելու գործունեության հանգուցային մասն է։ Շանթ Հովնանյանը հավելում է. «Իմ ընտանիքը շուրջ երեսուն տարի է կառուցում է Հայաստանում տներ, համայնք, մի վայր, որտեղ մարդիկ կարող են վերադառնալ տուն։ Որքան ավելի երկար ենք դա անում, այնքան ավելի եմ համոզվում, որ դասարանները կառուցելն ամենակարևորն է։ Իմ ծնողները սա հասկացել են դեռ նախորդ դարի վերջին։ Մինչ այստեղ որևէ բան կառուցելը, նրանք Նյու Ջերզիում դպրոց կառուցեցին։ Ինձ «Սերունդ»-ում գրավում է խիզախությունը. փոքր երկիրը որոշել է ստեղծել կրթության իր սեփական մոդելը և դարձնել այն աշխարհինը»։
Ռեվ և Ռեյչլ հիմնադրամ»-ի հիմնադիր Ռեյչլ Լիբարիդյանն աջակցում է «Սերունդ»-ին մոդելի ամենավաղ օրերից ի վեր։ «Դեռ նախքան մոդելի ստեղծումը, անվանումը կամ նախարարության կողմից մոդելի վավերացումը, կար Լարիսան և թիմը՝ քարը համբերատար քարի վրա դնող, տարեցտարի էլ ավելի մեծ նվիրումով առ կրթություն», շարունակելով ավելացրեց Ռեյչլ Լեբարեդյանը. «Ես պատիվ ունեի տեսնելու Լարիսայի ջանքը. ուղեկցել եմ նրան մի շարք հանդիպումներում և տեսել, թե ինչպես է կառուցվել «Սերունդ»-ը՝ բացառապես համոզմունքի ու սիրո վրա։ Մեր երեխաները տարիներ անց կհասկանան, թե քանի տարվա աշխատանք է ներդրվել իրենց համար այս դուռը բացելու համար»։
Հիմնադիր կաղապարը մեկնարկում է այս տարի։ Ժամանակի ընթացքում «Սերունդ»-ը կվերաճի Հայաստանի ողջ տարածքում գործող դպրոցների ցանցի։
Հայաստանի կրթական նախաձեռնության մասին
«Հայաստանի կրթական նախաձեռնություն»-ը կրթության համակարգային փոփոխությունների շարժիչ ուժն է, որի հիմնական ծրագրերն են՝ «Դասավանդի'ր հանուն Հայաստանի», «Սերունդ», Կրթական առաջնորդության մագիստրոսական ծրագիրը, 30-կրեդիտ ուսուցիչների որակավորման ծրագիրը, Կայծ սոցիալական նորարարության ինկուբատորը և Հանրային քաղաքականության լաբորատորիան։ Միասին դրանք առաջ են մղում առաջնորդությունը, նորարարությունը և տվյալահեն քաղաքականության մշակումը կրթության ոլորտում՝ բարելավելով ավելի քան 60,000 աշակերտի ուսումնական փորձառությունն ամեն տարի։ ՀԿՆ-ի տեսլականն է Հայաստանը, որը թռիչքաձև առաջ է ընթանում աշխարհի կրթության ոլորտում։
«Հովնանյան Ինթերնեյշնլ»-ի մասին
«Հովնանյան Ինթերնեյշնլ»-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 2000 թվականից ի վեր և հայտնի է Վահագնի բնակելի թաղամասով։ Հանդիսանում է «Սերունդի» հիմնադիր գործընկերը։
«Ռեվ և Ռեյչլ հիմնադրամ»-ի մասին
2023թ.Ռև Լեբարեդյանի և Ռեյչլ Լեբարեդյանի կողմից հիմնադրված «Ռեվ և Ռեյչլ հիմնադրամ»-ն աջակցում է Հայաստանում փոխակերպող կազմակերպություններին կրթության, մշակույթի, արվեստի ու տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանում է «Սերունդ»-ի հիմնադիր աջակիցը։