«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմում
КультураՄոսկվա և Սոչի, Ռուսաստանի Դաշնություն | 16–26 օգոստոսի, 2026 թ.
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմանդրած «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուները օգոստոսի 16–26-ը մասնակցեցին Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնին և «Երիտասարդական նվագախմբերի շքերթ» սիմֆոնիկ մարաթոնին՝ հանդես գալով միջազգային բեմերում և աշխատելով տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների ու առաջատար մասնագետների հետ։
Հայաստանը փառատոնին ներկայացրեցին «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուներ Աշոտ Մարգարյանը (16 տ., հարվածային գործիքներ), Հովհաննես Խերիմյանը (18 տ., հարվածային գործիքներ), Տիգրան Հարությունյանը (17 տ., գալարափող), Նարեկ Առաքելյանը (15 տ., թավջութակ), Ալլա Այվազյանը (16 տ., թավջութակ), Համլետ Էմինյանը (16 տ., ֆագոտ) և Լիլիթ Ստեփանյանը (17 տ., կլարնետ)։ Նրանց միացան նաև «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի շահառուներ Արսեն Համբարձումյանը (20 տ., ջութակ) և Նվեր Բաղդասարյանը (16 տ., կոնտրաբաս)։
Մեկ նվագախումբ՝ աշխարհի տարբեր երկրներից
Փառատոնի շրջանակում երիտասարդ երաժիշտները միավորվեցին Համաշխարհային երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում, որում Ռուսաստանի հետ մեկտեղ ներկայացված էին աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը։
Մաեստրո Յուրի Բաշմետի ղեկավարությամբ նվագախումբը հանդես եկավ օգոստոսի 23-ին՝ Մոսկվայի «Զարյադյե» զբոսայգու մեծ ամֆիթատրոնում, և օգոստոսի 25-ին՝ Սոչիի «Սիրիուս» համերգային կենտրոնի գլխավոր համերգասրահում։
Հայ պատանի երաժիշտները հանդես եկան նաև Սարատովի ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կազմում՝ դիրիժոր Անատոլի Սեմյոնովի ղեկավարությամբ։
Մասնագիտական փորձ՝ առաջատար երաժիշտների հետ
Համերգներին նախորդեցին ինտենսիվ փորձեր և մասնագիտական հանդիպումներ։ Երիտասարդ երաժիշտները աշխատեցին մաեստրո Յուրի Բաշմետի, դիրիժոր Անատոլի Սեմյոնովի, ինչպես նաև «Մոսկվայի սոլիստներ» կամերային անսամբլի և Ռուսաստանի առաջատար նվագախմբերի երաժիշտների հետ՝ Կիրիլ Կրավցովի, Ալեքսեյ Նայդյոնովի, Մաքսիմ Խլոպյովի, Յուրի Բաբիյի, Պյոտր Բուգրիմենկոյի, Ստանիսլավ Դավիդովի և Անդրեյ Զուբովի ղեկավարությամբ։
Փառատոնի օրերը ներառեցին նաև մշակութային և մասնագիտական շփումներ։ Տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների հետ համատեղ աշխատանքը նրանց հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր փորձ, ձևավորելու մասնագիտական կապեր և ծանոթանալու միջազգային նվագախմբային աշխատանքի առանձնահատկություններին։
«Հայ Վիրտուոզներ» կրթական և զարգացման ծրագրի կարևոր ուղղություններից է պատանի երաժիշտների համար միջազգային կրթական և կատարողական հնարավորությունների ստեղծումը։ Նման ծրագրերին մասնակցությունը նրանց հնարավորություն է տալիս աշխատելու բարձրակարգ մասնագետների հետ, հանդես գալու միջազգային բեմերում և ընդլայնելու իրենց մասնագիտական հորիզոնները։