Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Ստեղծագործական միություններին պատկանող գույքերի շուրջ վերջին տարիներին անընդհատ աղմկոտ գործընթացներ են տեղի ունենում։ Ժամանակին այս միություններին և արվեստագետներին խրախուսելու համար հատկացվել էին երկրի լավագույն տարածքներն ու հանգստյան գոտիները, որոնք այսօր, ցավոք, հայտնվում են մասնավոր բիզնես շահերի կիզակետում, իսկ դրանց պահպանման պատրվակով իրականացվող գործարքները հաճախ մթագնվում են անհասկանալի սխեմաներով։
«Փաստ» թերթին դեռ շաբաթներ առաջ դիմել էին Հայաստանի կոմպոզիտորների միության մի քանի անդամներ՝ տեղեկացնելով, որ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը երկարաժամկետ վարձակալության է տրվելու արտասահմանյան ինչ-որ ընկերության։ Միության նախագահ Արամ Սաթյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ այդ հարցը քննարկվել է միության վարչությունում, և թեպետ կա գաղափար, նաև որոշակի գործընթաց, սակայն այս պահին որևէ առարկայական, շոշափելի արդյունք չկա։ Մեր նախորդ հրապարակումից հետո «Փաստին» տեղեկություններ հասան, որ հոկտեմբերին ավարտվում է ՀԿՄ նախագահի պաշտոնավարման ժամկետը, և երաժշտական համայնքում կասկածներ ունեն, որ ցանկություն կա գործարքը կնքել մինչ այդ։ Մեր հրապարակմանն արձագանքել են նաև մի քանի կոմպոզիտորներ։
Մասնավորաբար, Երվանդ Երկանյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ է՝ չի հաճախում Կոմպոզիտորների միություն: «Միայն կարող եմ ասել, որ Դիլիջանի ստեղծագործական տան դահլիճը վերանորոգման շատ լուրջ կարիք ունի՝ հիմքից սկսած։ Եթե դա կապված է նրա հետ, որ դրա միջոցով կարող են դրական ուղղությամբ ինչ-որ փոփոխություններ կատարել, սա մի հարց է, իսկ ուրիշ բան է, եթե պարզապես ուզում են վարձով տալ դրամ աշխատելու համար։ Սրանք տարբեր բաներ են»,-ասաց կոմպոզիտորը։
Ավետիս Բերբերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, ըստ էության, դա պարզապես խոսակցություն է. «Որևէ որոշում որևէ ձևաչափով չկա։ Վարձակալության կամ որոշակի այլ ձևաչափով կարելի է աշխատել, բայց ի՞նչ է իրենից ներկայացնում այդ տեսակի առաջարկությունը։ Միանշանակ է մեկ բան՝ Միության սեփականություն հանդիսացող Դիլիջանի հանգստյան տունը չի կարող պարզապես ինչ-որ մի ձևաչափով հանձնվել վարձակալության՝ չիմանալով, թե ինչպես է այն օգտագործվելու։ Չի կարելի միության անդամների, կոմպոզիտորների ստեղծագործական հանգստյան տանը վնաս հասցնել։ Առաջինը ես դեմ կլինեմ նրան, որ դա ի վնաս միությանը լինի։ Այստեղ հարցեր չկան։ Կարող են լինել որոշակի առաջարկություններ տարբեր կազմակերպություններից տարբեր ծրագրեր իրականացնելու համար, բայց այս պահին որևէ լուրջ գործընթաց այս հարցի շուրջ չկա»։
Երվանդ Երզնկյանն էլ կարծում է՝ ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ, որ այն տունը, որտեղ այդքան երաժշտություն է գրվել, տրվի վարձակալությամբ, և պարզ չէ, թե ում։ «Պետք է նաև հստակ իմանալ, թե ինչ կազմակերպության մասին է խոսքը։ Եթե դա արտասահմանյան կազմակերպություն է, դա դեռ չի նշանակում, որ այդ ամբողջ գործընթացը լուրջ է։ Հիմա դրա ժամանակը չէ, նույնիսկ չպետք է թույլ տանք, որ այդ մասին խոսակցություններ լինեն»,ասաց Երվանդ Երզնկյանը։
Կոմպոզիտորներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ միաժամանակ և՛ զարմացած, և՛ շատ վրդովված է նման լուրերից։ «Եթե լուրերը ճիշտ են, ապա այստեղ մեկ հարց է առաջ գալիս՝ ի՞նչ իրավունքով է ստեղծագործական տունը վարձակալությամբ տրվում։ Տարիներ շարունակ միության շենք անգամ չեմ մտնում ստեղծագործական մթնոլորտի պատճառով։ Հիմա ամեն ինչ շատ տխուր վիճակում է։ Իսկ առաջ Դիլիջանը երաժշտական կենտրոն էր։ Դա, իհարկե, Էդվարդ Միրզոյանի շնորհքն է, որ ժամանակին գտել էր դիլիջանյան այդ գողտրիկ անկյունը։ Ամեն տարի հավաքվում էին մեծագույն երաժիշտներ ամբողջ աշխարհից։ Քաղաքն ապրում էր շատ հետաքրքիր երաժշտական կյանքով։ Կցանկանայի, որ հիմա էլ նույնը լիներ։ Այն կարող էր ամբողջ աշխարհի համար երաժշտական կենտրոն դառնալ, այլ ոչ թե վերածվեր, օրինակ՝ սովորական հյուրանոցային համալիրի»,-նշեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում