Օրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը
ОбществоԱրդեն ավելի քան 10 օր Երևանում գործում է HELIX Armenia-ի նոր լաբորատոր համալիրը։ Ժամանակակից սարքավորումներով և լիովին ավտոմատացված լաբորատոր հոսքագծով համալրված կենտրոնը հնարավորություն ունի օրական իրականացնել ավելի քան 20 հազար հետազոտություն։
Լաբորատոր համալիրի աշխատանքի մեկնարկն ազդարարվել էր պաշտոնական բացման արարողությամբ, որին ներկա էին պետական կառույցների, բժշկական և գիտական համայնքի ներկայացուցիչներ, գործարար գործընկերներ և բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լևոն Մովսիսյանը։
Բացմանը մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև «Հելիքս» միջազգային բժշկական լաբորատորիայի ղեկավարները։ Պաշտոնական արարողությունից հետո հյուրերը շրջել էին նորաբաց համալիրում, ծանոթացել լաբորատորիայի աշխատանքին, տեխնոլոգիական հնարավորություններին և ներդրված ժամանակակից սարքավորումներին։
Այսօր արդեն գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը զբաղեցնում է 850 քառակուսի մետր տարածք և համալրված է համաշխարհային առաջատար արտադրողների սարքավորումներով ու ռեագենտներով։
Համալիրի կարևոր տեխնոլոգիական առանձնահատկություններից է Հայաստանում առաջին լիովին ավտոմատացված լաբորատոր հոսքագիծը։ Միասնական համակարգում միավորված վերլուծիչ սարքերը հնարավորություն են տալիս բարձրացնել հետազոտությունների արագությունն ու ճշգրտությունը և նվազագույնի հասցնել մարդկային գործոնի ազդեցությունը։ Լաբորատոր համալիրի թողունակությունը կազմում է օրական ավելի քան 20 հազար հետազոտություն։
«Հելիքս»-ի կատալոգում ընդգրկված է ավելի քան 3600 լաբորատոր հետազոտություն՝ ամենատարածված անալիզներից մինչև բարդ գենետիկական, հյուսվածաբանական և իմունոհյուսվածաքիմիական հետազոտություններ։ Դրանց թվում են նաև ուռուցքաբանական և սոցիալական նշանակություն ունեցող այլ հիվանդությունների հայտնաբերմանն ուղղված թեստեր։
Հայաստանում նախագծի իրականացման համար նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 2,5 միլիարդ դրամը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ավելի քան 200 աշխատատեղ, որոնցից ավելի քան 100-ը՝ բժշկական անձնակազմի համար։
Երևանում գործող լաբորատոր համալիրով «Հելիքս»-ի հայաստանյան ծրագիրը չի սահմանափակվում։ Ընկերությունը նախատեսում է Հայաստանում ձևավորել առնվազն 30 ախտորոշիչ կենտրոնից բաղկացած ցանց, որի զգալի մասը կգործի նաև մարզերում։ Կենտրոններում հնարավոր կլինի ոչ միայն հանձնել լաբորատոր հետազոտություններ, այլև ստանալ բժիշկների խորհրդատվություն, անցնել ուլտրաձայնային հետազոտություն, ԷՍԳ և այլ հետազոտություններ։
«Հելիքս» միջազգային բժշկական լաբորատորիան գործում է 1998 թվականից։ Ընկերության ցանցն ընդգրկում է ավելի քան 1100 ախտորոշիչ կենտրոն Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ավելի քան 270 քաղաքներում։ Երևանում գործող համալիրը ընկերության իններորդ տեխնոլոգիական հարթակն է և երրորդը՝ ԱՊՀ երկրներում։