Կիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել
СпортՀայաստանի հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը, որն Ազգերի լիգայի շրջանակում կայացած վերջին խաղում դաշտից հեռացել էր պատգարակով, կարողացել է խուսափել լուրջ վնասվածքից: Այդ մասին, ըստ armsport.am-ի, հայտնել է մոսկովյան ակումբի հաղորդակցության գծով տնօրեն Կիրիլ Բրեյդոն:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Հայաստան - Կիպրոս (0:2) հանդիպման ժամանակ 21-ամյա ֆուտբոլիստը դաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից, սակայն 52-րդ րոպեին վնասվածք էր ստացել և փոխարինվել՝ խաղադաշտը լքելով միայն պատգարակի օգնությամբ: Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել էր, որ ֆուտբոլիստի մոտ կա ոտքի կոտրվածքի կասկած:
Բարեբախտաբար, բժշկական նախնական հետազոտությունները հերքել են դա:
«Նախնական տվյալներով՝ արված համակարգչային շերտագրությամբ (ԿՏ) Արտյոմ Բանդիկյանի մոտ չեն հայտնաբերել ո՛չ կոտրվածք, ո՛չ էլ կապանների խզում: Առաջիկայում Արտյոմը կմիանա թիմին Մոսկվայում, որտեղ արդեն մեր բժշկական շտաբի հսկողության ներքո կանցնի լրացուցիչ բուժզննում»,- իր տելեգրամյան ալիքում գրել է Բրեյդոն:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին Ազգերի լիգայի շրջանակում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Պոդգորիցայում՝ հոկտեմբերի 5-ին՝ մրցելով Չեռնոգորիայի հավաքականի հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ