«ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր
Общество«Փաստ»-ը գրում է․
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը կնքել են համագործակցության հուշագիր, որի հիմնական նպատակն է Հայաստանում խթանել սպորտի զարգացումն ու առողջ ապրելակերպի տարածումը։
Համատեղ նախաձեռնության շրջանակում կողմերը ծրագրում են իրականացնել տարբեր ձևաչափերի մարզական միջոցառումներ, մրցաշարեր, առաջնություններ, ինչպես նաև կրթական ու սոցիալական ծրագրեր, սեմինարներ և հանրային ակցիաներ։
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանը նշել է, որ 2025 թվականի ապրիլի 4-ից գործող հիմնադրամի գլխավոր առաքելությունն է նպաստել Հայաստանի մարզերում սպորտի զարգացմանը և սպորտով զբաղվելու կարևորության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ հիմնադրամի խոշորագույն ծրագրերից է Արթիկի շրջանի Փանիկ գյուղում կառուցվող «ՆԱՎ» բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնը, որտեղ երեխաները մարզումներին զուգահեռ ստանալու են համապարփակ կրթություն։

Հիմնադրամն աջակցում է նաև պարասպորտով զբաղվող երեխաներին՝ տրամադրելով կրթաթոշակներ, և կազմակերպում է ծանրամարտի մրցաշարեր, որոնցից ամենասպասվածը դեկտեմբերի 6-ին կայանալիք «Avdalyan Legacy Cup» միջազգային մրցաշարն է՝ Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների հետ համատեղ։ Ավդալյանը հավելել է, որ նախատեսվում է մարզադպրոցներ ու ծանրամարտի մարզադահլիճներ կառուցել հատկապես սահմանամերձ գյուղերում, որտեղ առկա է մեծ ներուժ, սակայն չկան անհրաժեշտ պայմաններ։
Անդրադառնալով նոր ձևավորված գործընկերությանը՝ Նազիկ Ավդալյանը բարձր է գնահատել «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ի նման կայացած և հզոր ընկերությունների ներգրավվածությունը սպորտի ոլորտում։ Նա ընդգծել է, որ սպորտը երկրի համար ունի թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական մեծ նշանակություն և ծառայում է որպես «փափուկ ուժ», հետևաբար չափազանց կարևոր է գործարար աշխարհի մասնակցությունը ոլորտի զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընկերությանը համատեղ ծրագիր սկսելու համար՝ նա շեշտել է, որ հայ ազգը ֆիզիկապես ուժեղ է և սպորտային, իսկ մեր մարզիկների հաջողությունները միջազգային ասպարեզում երկրի ամենաուժեղ կողմերից են։
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանն իր հերթին նշել է, որ ընկերությունը, կարևորելով հասարակության մեջ մարզական, մշակութային և սոցիալական ծրագրերի զարգացումը, որոշել է աջակցել այս նախաձեռնությանը։ Համագործակցությունը չի սահմանափակվելու միայն ֆինանսական աջակցությամբ. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը պատրաստ է կիրառել դեղագործության ոլորտում իր 30-ամյա փորձը մարզիկների վերականգնման, ճիշտ սննդակարգի, սննդային հավելումների և բժշկադեղագիտական պատշաճ աջակցության ապահովման գործում, ինչը թույլ կտա նվազեցնել վնասվածքները և երկարաձգել մարզիկների կարիերան։
Մացակյանը սպորտը անվանել է «սոցիալական վերելակ»՝ ընդգծելով, որ մարզերում պայմանների բացակայության պատճառով երկրի սպորտային պոտենցիալի երկու երրորդը մնում է չօգտագործված։ Նա վստահություն է հայտնել, որ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ հնարավոր կլինի հասնել մեծ հաջողությունների։ Կողմերը այս համագործակցությանը մոտենում են երկարաժամկետ հեռանկարով՝ նպատակ ունենալով կյանքի կոչել նախանշված բոլոր մարզական, կրթական և առողջապահական ծրագրերը։