Ազատության հրապարակից հնչեցված ուղերձը․ «Ուժեղ Հայաստանը» հավաքեց տասնյակ հազարավորների և ներկայացրեց փոփոխության օրակարգը
ПолитикаԱպրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության միասնության հանրահավաքը, որը մեկնարկեց տերունական աղոթքով։ Հավաքը դարձավ ոչ միայն քաղաքական ուժի համախմբման ցուցադրություն, այլև ծրագրային ուղերձների հրապարակում՝ ուղղված առաջիկա ընտրություններին ընդառաջ։
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցող «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանը կանգնած է վճռորոշ ընտրության առաջ։ Նրա խոսքով՝ երկիրը կարող է անցնել զարգացման և իրական ներդրումների ներհոսքի ճանապարհով, կամ մնալ լճացման մեջ։ «Հայաստան միլիարդավոր դոլարների իրական ներդրումներ են հոսելու իրական ներդրողներից»,– նշել է նա՝ շեշտելով տնտեսական վերափոխման առաջնահերթությունը։
Նարեկ Կարապետյանը հստակ ձևակերպեց քաղաքական ընտրության առանցքը՝ «Ընտրությունը մեկն է՝ փոփոխությո՞ւն Սամվել Կարապետյանի հետ, թե՞ լճացում, աղքատություն, անարգանք իրար հանդեպ ու վախ հարևաններից՝ Փաշինյանի հետ: Ո՞րն է մեր ընտրությունը. ընտրությունը պարզ է՝ ուժեղ Հայաստան ունենալու համար մեզ պետք է այդ փոփոխությունը: Փոփոխությունը մեր պատմության այս ընթացքում կարող է բերել միայն մեր ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը: Հավատացե՛ք և եղե՛ք Սամվել Կարապետյանի ընկերը Հայաստանում փոփոխություն բերելու պատմական գործում»։
Նրա խոսքով՝ ծրագրի առանցքում սոցիալ-տնտեսական զարգացման հստակ նպատակներ են՝ «Հայ մարդը պարապ չի մնալու, աշխատելու է եւ լավ է ապրելու։ Մեր երկիրն ունենալու է 300 հազար նոր աշխատատեղեր, որ մարդիկ մնան, աշխատեն գործարաններում, հյուրանոցներում , IT կենտրոններում։ Մեր ընկերները վերադառնալու են եւ աշխատեն Հայաստանում։ Մեզ պետք է ուժեղ Հայաստան, սա կարող է լինել միայն Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»։
Հանրահավաքում ելույթ ունեցավ նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը, որը շեշտեց իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևորությունը։ «Օրենքի, արդարության և արդարադատության հենքը մարդասիրությունն է, օրենքը պետք է ծառայի բոլորին, իսկ իրավունքը՝ գերակայի բոլոր դեպքերում»,– նշել է նա՝ ընդգծելով դատաիրավական համակարգի անկախության անհրաժեշտությունը։
Վարդևանյանի խոսքով՝ «Դատարանները պետք է լինեն անկախ ու անվախ, դատաիրավական համակարգը պետք է պաշտպանի մարդուն, այլ ոչ թե պաշտպանի կոնկրետ իշխանություն»։ Նա նաև անդրադարձել է արտաքին քաղաքական մարտահրավերներին՝ ընդգծելով հավասարակշռված և պրոֆեսիոնալ դիվանագիտության անհրաժեշտությունը։ «Այսօր առավել քան ակնհայտ է, որ թույլ և ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտության հետևանքով կա սպառնալիք, որ մեր Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական բախման կիզակետում։ Ակնհայտ է, չէ՞, որ գերտերությունների խարդավանքների պայմաններում տարածաշրջանում մենք մեզ անվտանգ չենք զգա։ Մեզ պետք են բարեկամներ, ոչ թե նոր թշնամիներ։ Մեզ պետք են գործընկերներ, ոչ թե արհեստական հակառակորդներ։ Մեզ պետք է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը կարողանա խոսել տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ, բոլոր մայրաքաղաքների հետ՝ արժանապատվորեն, պրոֆեսիոնալ, խելացի և միայն Հայաստանի շահերից ելնելով։ Ուժեղ Հայաստանում վախի և քաղաքական հետապնդումները էջը փակվելու է»,– ասել է նա։
Հանրահավաքի ավարտից հետո կուսակցության անդամներն ու աջակիցները երթ իրականացրեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։ Տարբեր գնահատականներով՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է շուրջ 40 հազար մարդ։
Տեղի ունեցածը վկայում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փորձում է ձևավորել համախմբված քաղաքական օրակարգ և ներկայացնել իրեն որպես փոփոխության հիմնական հավակնորդ։ Իսկ գործող իշխանության արձագանքներն ու ներքաղաքական դաշտում արձանագրվող զարգացումները ցույց են տալիս, որ այս հանրահավաքը դարձել է ընտրական պայքարի կարևոր հանգրվան։